2011 թ. հունիսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%: Այս մասին ասվում է ԿԲ տարածած հաղորդագրությունում։
«2011 թ. մայիսին արձանագրվել է 0.04% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճն ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 9.0%:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են՝ կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:
Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները չեզոքացվում են մասնավոր ծախսումների դանդաղ աճով և հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով:
Միևնույն ժամանակ ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:
Խորհուրդը գնահատում է, որ գնաճային միջավայրի ընդլայնման հավանականությունը բավական ցածր է, և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճը կձևավորվի 4%±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում»,- նշված է այդ հաղորդագրությունում: