Վայոց ձորի մարզի Շատին համայնքի և հարակից համայնքների բնակիչները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր չորս թեկնածու: Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը ստացել է 1816 ձայն, Արմեն Սեդրակյանը՝ 15 ձայն, Մամիկոն Սմբատյանը ստացել է 37 ձայն, իսկ Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն և ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Շատինցիները հենց ընտրությունների պաշտոնական արդյունքներն են վիճարկում՝ պնդելով, որ հաղթել է իրենց գյուղապետը:
Համայնքների խոշորացման ծրագրի հռչակված նպատակն այն էր, որ մեծանա կառավարման արդյունավետությունը՝ միևնույն ժամանակ նպաստելով պետական և համայնքային միջոցների տնտեսմանը: Սակայն խոշորացումը, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանություններն իրականացրել են՝ առաջին պլան բերելով իրենց շահերը: Շատ դեպքերում գծվել է նոր համայնքի կամայական սահման՝ դա հարմարեցնելով ոչ թե տեղական առանձնահատկություններին, տնտեսական, սոցիալական գործոններին, այլ իշխանության բարեհաճությունը վայելող կոնկրետ մարդկանց շահերին: Նույնիսկ կարող ենք պնդել, որ կառավարության խոշորացման ծրագիրը հարմարեցվել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների տրամաբանությանը, այսինքն՝ իշխանությունները ստեղծել են խոշոր «յուղոտ կտորներ» ՀՀԿ-ի համար «ջանասիրաբար» աչքի ընկածներին «պարգևատրելու» համար:
Սակայն, ըստ երևույթին, գործ ունենք իշխանությունների ավելի հեռահար նպատակի հետ: Համայնքների խոշորացմամբ ըստ էության վերականգնվում են նախկին «ռայկոմները»: Կարելի է ենթադրել, որ տեղական ինքնակառավարման ինստիտուտը «կոտրելուց» հետո իշխանությունները նպատակ ունեն իրենց շահերին համապատասխանեցնել երկրի վարչատարածքային բաժանումը: Խոշորացված համայնքներում ընտրություններն ըստ ամենայնի այդ ծրագրի առաջին մասն են, որոնց միջոցով ընտրվեցին համայնքապետեր, ովքեր, այսպես ասենք, իրենց «քաշային կարգով» հնազանդ չեն լինելու մարզպետերին ու նաև դառնալու են համակարգային այն սեգմենտը, որը դառնալու է հանրապետության նոր վարչատարածքային բաժանման շահառուն:
Սակայն խոսենք ներկայի մասին՝ հանգիստ թողնելով մոտ ու հեռավոր ապագան: Համայնքների խոշորացման պարագայում օրինական ընտրությունների անհրաժեշտությունն ավելի կենսական է, որովհետև միայն այդ դեպքում մեկ համայնք դարձած տարբեր գյուղերի բնակիչները կարող են հաղթահարել «օտարվածի», «խորթի» բարդույթը:
Հայաստանի իշխանություններին, իհարկե, նման «մանրուքները» չեն հետաքրքրում, որովհետև նրանք առաջնորդվում են համակարգային շահով և էգոիզմով: Որպես հետևանք՝ խոշորացումը նպաստեց ոչ թե կառավարման որակի բարձրացմանը, այլ կռիվ գցեց գյուղերի միջև:








































