Դաշնակցության շարքերում փոխվարչապետի հարյուրավոր թեկնածուներ կան, սակայն դեռևս որեւէ մեկի թեկնածության հարցը չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Դա հնարավորի հարց է, դեռ շատ շուտ է դրա մասին քննարկումներ անելը: Ես չգիտեմ՝ 2018-ից հետո ՀՅԴ-ն մաս կկազմի կոալիցիային, թե չէ, բայց կրկնում եմ՝ բացաձակապես չի խոսվել այդ բաների մասին»,-ասել է Լոքյանը: Ընդհանրապես, ՀՅԴ վերջին օրերի վարքագիծը, հռետորաբանությունը հուշում են, որ 2018-ի խնդիրը կուսակցությունում անհանգստություններ ու լարվածություն է ծնել:
Մի քանի օր առաջ ՀՅԴ Բյուրոն և Գերագույն մարմինը համատեղ նիստ էին հրավիրել, որտեղ ընդունված հայտարարության մեջ տողատակով քննադատել էին կառավարությանը: Համենայն դեպս, երբ կոալիցիայում ներկայացված կուսակցությունը կառավարությանը մեղադրում է, ըստ էության, անարդյունավետ գործունեության մեջ, ապա տրամաբանական է ենթադրել, որ դա լուրջ նախազգուշացում է, որին հետևելու է կոալիցիայից դուրս գալը:
Մյուս կողմից` Հայաստանում որևէ մեկը չի հավատում, որ հատկապես իշխանությանը մաս կազմող կուսակցությունների վարքագծի համար որոշիչ են հասարակական կարծիքի կամ վարվող քաղաքականության արդյունավետության գործոնները, մանավանդ, որ 2018-ի իշխանության ձևավորման գործընթացից հասարակությունը մեկուսացված է և բոլոր խնդիրները լուծվելու են իշխանության կուլիսներում` ստվերային պայմանավորվածությունների մակարդակում:
Ըստ երևույթին, այս օրերին իշխանության կուլիսներում 2018-ի խնդիրն որոշակի հանգուցալուծում է ստանում, ընդ որում` այնպիսի ձևաչափում և բովանդակությամբ, որը խորապես մտահոգում է ՀՅԴ-ին:
Հակառակ պարագայում` կարիք չէր առաջանա, որպեսզի Հրանտ Մարգարյանի մակարդակով արձանագրվի ՀՅԴ-ի «ինքնուրույնությունը» կամ գործող կառավարության անդամ Դավիթ Լոքյանն ակնարկի, թե ՀՅԴ-ն 2018-ին կարող է մաս չկազմել կոալիցիային` հատկապես, որ հաջորդ տարի նոր ընտրություններ չեն սպասվում, իսկ կոալիցիոն հուշագիրը ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրել են հինգ տարվա համար: Դաշնակցական «խռովությունը» ժամանակագրական առումով համընկնում է այն լուրի հրապարակայնացման հետ, ըստ որի` նոյեմբերի 13-ին Երևանում տեղի է ունենալու Ներդրողների ակումբի ներդրումային ծրագրերի շնորհանդեսը:
Ուշագրավ է, որ այս «ավետիսը» ազդարարեց Սերժ Սարգսյանը ու թերևս այս հանգամանքն էլ անհանգստացնում է ՀՅԴ-ին: Եթե Սարգսյանն է հնչեցնում Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունների գործիք հանդիսացող Ներդրողների ակումբի ծրագրերի մասին ու նույնիսկ խոսում է մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին, ընդ որում` ռուսական պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում, ապա կարելի է ենթադրել, որ 2018-ի իշխանության հարցը որոշողների շրջանակը սահմանափակվել է Սերժ Սարգսյան-Կարեն և Սամվել Կարապետյաններ ձևաչափում` դրանից դուրս մղելով ՀՅԴ-ին: Նույնիսկ որոշվել է նոր իշխանության գինը:
Այս համատեքստում` ՀՅԴ-ն գործընթացի սուբյեկտից վերածվում է օբյեկտի, եթե նույնիսկ Սարգսյանն ու Կարապետյաններն որոշեն պահպանել իշխանության «համազգային» ֆասադը, այսինքն` ՀՅԴ-ի քվոտան իշխանության ներսում: Դաշնակցությանը մտահոգում է ներիշխանական հարաբերություններում իր սուբյեկտության կորստի հեռանկարը, որից «քաղաքական բոմժություն»` կես քայլ է:
Առհասարակ` կոալիցիոն ՀՅԴ-ն կամ «պատկառելի ընդդիմություն» «Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի համար պահանջարկված են ներհամակարգային հակադրության ռեժիմում` Կարեն Կարապետյանին հակակշռելու, վարչապետի հավակնություններն աքցանի մեջ պահելու նպատակով: Եթե Սարգսյանն ու Կարապետյանն իսկապես եկել են «փաթեթային» համաձայնությունների` անկախ դրանց բովանդակությունից և կադրային լուծումներից, ապա այս երկու կուսակցությունների համար իրական է դառնում «ոտքի տակ ընկնելու» հեռանկարը:
Թերևս սա է պատճառը, որ ՀՅԴ-ն Կարեն Կարապետյանի կառավարությանը քննադատում է կոալիցիոն «զսպվածությամբ», իսկ «Ծառուկյան» դաշինքն` «այլընտրանքային անբռնազբոսությամբ»:









































