«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը առաջին հերթին քաղաքական է, ոչ թե կոմերցիոն»,- նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նախագծին նվիրված քննարկմանը:
Նրա խոսքով՝ այս նախագիծը նաև որոշ չափով լրացնում է տարածաշրջանում առկա կոմունիկացիոն քաղցը:
Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ այս նախագծի միջոցով Ռուսաստանը վերականգնում է իր ցամաքային հաղորդակցությունը Թուրքիայի հետ. «Այնպես որ, ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, թե այս երկաթգիծը շրջանցում է Ռուսաստանը»:
Այնուամենայնիվ, քաղաքագետը կարծում է, որ տարածաշրջանում այս կոմունիկացիոն քաղաքականության թնջուկը իր հանգուցալուծումը կստանա այն ժամանակ, երբ տարածաշրջանում իրենց ակտիվ ներգրավվածությունը ունենան ԱՄՆ-ը և Չինաստանը. «Ուստի զարգացումները դեռ առջևում են»:
«Իսկ ընդհանրապես Հայաստանին վնաս է այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, և Հայաստանը ոչինչ չի անում: Ուստի սա լուրջ խթան է Հայաստանի համար, որպեսզի Հայաստանը վարի ադեկվատ քաղաքականություն՝ միտված հաջորդ սերունդներին, ոչ թե լոլիկի, գինու, քարանձավում գտած 5 հազար տարվա կոշիկի քաղաքականություն»,- նշեց քաղաքագետը:






































