Կես մլրդ դրամով ավելացել է ԱԺ-ին հատկացված գումարը: Այս մասին հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցին:
Ներկայացնելով 2018-ի բյուջեի նախագիծը՝ Արա Սաղաթելյանը մանրամասնեց, որ ԱԺ բյուջեն կազմված է չորս ծրագրերից և կազմում է 4 մլրդ 585 մլն 513 հազար դրամ: Այդ ծրագրերից առաջինն ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանումն է, որի համար հատկացված է 4 մլրդ 376 մլն 100 հազար դրամ: Հաջորդ ծրագիրը միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությունն է, դրա համար նախատեսված է հատկացնել 164 մլն 901 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1 մլն 211 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման համար՝ 43 մլն դրամ:
«ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ, և պառլամենտական դիվանագիտության, միջազգային կազմակերպություններում առավել ներգրավվածության, ակտիվության, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի գծով ունենք ավելացումներ»,-նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:








































