Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը առողջապահության ոլորտում ակնկալվող բարեփոխումներում տեսնում է դրական միտումներ: Նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում` ընդգծելով, որ այդ բարեփոխումները բխելու են քաղաքացու շահերից:
«Մեր համակարգը հնարավորություն է տվել նախքան բյուջեի վերաբերյալ այս քննարկումները յուրաքանչյուր հանձնաժողովի ներսում կազմակերպել քննարկումներ: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը երկու առանձին նիստ է նվիրել այդ ոլորտի բյուջեին: Առաջին տպավորությամբ կարող եմ ասել, որ ինձ համար, ցավոք, վերջին տարիներին գոնե բյուջեի հիմնական ցուցանիշը եղել է ընթացիկ եւ կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Եվ, ցավոք, վերջին տարիներին մենք անընդհատ կապիտալ ծախսերի շատ փոքր չափաբաժին էինք ունենում եւ ընթացիկ ծախսերի կայուն իրավիճակ: Տեղյակ եք, որ գալիք տարի 100 մլրդ դրամով ավելանալու է բյուջեն, որից 70 մլրդը գնալու է դեպի կապիտալ ծախսեր, իսկ առանց այդ ծախսերի իրականացման, առանց կապիտալ ներդրումների զարգացում ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ Կառավարության հետ համակարծիք է այն հարցի շուրջ, որ գալիք տարիները լինելու են տնտեսական իրավիճակը կայունացնող տարիներ, ինչը հիմք պետք է ստեղծի հետագա զարգացման համար:
«Բարեփոխումները թույլ կտան տնտեսական աճն այնպիսի տոկոսների հասցնել, որոնք հնարավորություն կտան մոտենալ մեր հիմնարար խնդիրներին, դրանք են` աշխատավարձերը եւ թոշակները: Եվ այս առումով Կառավարությունը համարձակ փոփոխությունների է գնացել»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը` հավելելով, որ կարևոր է ոչ միայն զուտ ֆինանսական հնարավորությունների, այլև կառավարման արդյունավետության մեծացումը:










































