Ինչպես հաղորդում է CNN-ը, Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հունիսի 3-ին իր վրա կատարված մահափորձի ժամանակ ստացել է մարմնի մոտ 40%-ի այրվածք, վնասվել է նրա թոքը: Նույն աղբյուրի համաձայն, Սալեհը ստացել է նաև բեկորային վնասվածքներ:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ Սալեհի նման այրվածքները կասկածի տակ են դնում Սալեհի վերադարձը Եմեն Սաուդյան Արաբիայից, որտեղ նա բուժում է ստանում:
Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը, Եմենի նախագահին անհրաժեշտ է կոսմետիկ վիրահատություն, և Եմեն նա կարող է վերադառնալ միայն 2 շաբաթ անց:
Հիշեցնենք, հունվարից Եմենում տեղի են ունենում բողոքի բազմահազարանոց ակցիաներ, որոնց ժամանակ զոհվել են հարյուրավոր մարդիկ: Իսկ հունիսի 3-ին նախագահ Սալեհի պալատի ռմբակոծության ժամանակ նախագահը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Նրան ստիպված են եղել տեղափոխել Սաուդյան Արաբիա: