Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը Լոռու մարզպետի, քաղաքապետի, Պալերմոյի ու Մոսկվայի մասնագետների հետ ցանկանում է Վանաձոր քաղաքը դարձնել զբասաշրջային քաղաք։
Այս քննարկումների, հանդիպումների ժամանակ առաջին պլան մղված Լոռու մարզպետն իր վրա է վերցրել նաև քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լիազորությունները և պարտականությունները։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրերը շատ իրատեսական են, իզուր են մարդիկ թերահավատորեն վերաբերում դրան։ Իրենք արդեն գործնական քայլերի փուլում են, Պալերմոյի ու Մոսկվայի փորձագետներն արդեն երկրորդ անգամ են այցելել Լոռու մարզ, Վանաձոր քաղաք։ Վարչապետին են ներկայացրել իրենց պրեզենտացիան, նախնական աշխատանքները, որոնք պետք է տեղ գտնեն Վանաձորի զարգացման ծրագրի մեջ։ «Այդ ուղղություններից մեկը լինելու է տուրիզմը։ Դրա համար հիմա Լոռու մարզպետարանը, Վանարձորի քաղաքապետարանը, Մոսկվայի ու Պալերմոյի մասնագետները սկսել են աշխատանքներ տանել։ Աջակցություն է հայտնել նաև Տարածքային կառավարման նախարարությունը, նախաձեռնությունների կենտրոնը։ Այսինքն՝ մենք հիմա ակտիվ գործնական քայլեր ենք անում, ու թող չասեն, թե այդ ամենը ֆանտազիայի դաշտից է»,- ասաց Արթուր Նալբանդյանը։
Անդրադառնալով Վանաձորի զարգացման ծրագրի ֆինանսավորման աղբյուրներին, մարզպետը նշեց, որ ֆինանսավորումը կատարվելու է 3 աղբյուրից՝ մասնավոր սեկտորի ներդրումներ, պետական բյուջեից ֆինանսավորում և համայնքային բյուջեի միջոցներ։
Մեր դիտարկմանը, թե Վանաձոր քաղաքի բյուջեի միջոցները բավարարո՞ւմ են նման ծրագրերում ներդրումներ իրականացնելու համար, քանի որ քաղաքապետը մշտապես խոսում է բյուջեի սուղ միջոցների մասին, մարզպետն արձագանքեց․ «Որոշակի ենթակառուցվածքների առումով, իհարկե, թույլ կտա»։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս կարծում է, որ քաղաքային բյուջեից հնարավոր է ներդրումներ անել, մանավանդ որ այդ ներդրումը արվելու է քաղաքի զարգացման վրա։ Բացի այդ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայումս ունեն ներդրումային մի քանի առաջարկներ և քննարկում են, թե ինչպես պետք է դա կազմակերպվի։ «Ներդրումային մի քանի առաջարկներ ունենք հիմա։ Ներդրումների առաջարկներ ունենք նաև դրսում ապրող մեր համաքաղաքացիների կողմից, ովքեր ուզում են Բուսաբանական այգու հարակից տարածքում ներդրում անեն։ Ուղղակի հիմա ուզում ենք կոնցեպտը հասկանանք, որ այնպես չստացվի՝ խնդրին ոչ համակարգային մոտենանք, և ամեն մեկը կառուցի այն, ինչ ուզում է»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքի զարգացման, բռենդավորման գործընթացին իրենք բավական վճռական են տրամադրված։ «Մենք այս ճանապարհին հաճախ գնալու ենք շատ ցավոտ լուծումների։ Վանաձորը քաղաք է, որը պետք է լինի ուրբանիզացիայի կենտրոն, և չպետք է թույլ տանք, որ 20-30 տարվա տնակային երևույթները, առևտրային կրպակները խաթարեն քաղաքի արտաքին առևտրային տեսքը։ Դրանք չպետք է լինեն քաղաքում, անկախ նրանից, թե ում են պատկանում։ Փոխարենը մենք նոր լուծումներ կգտնենք առևտրականների համար։
Ի դեպ, մենք Լոռու մարզպետից հետաքրքրվեցինք նաև, թե հիմա նա մարզպետ է, թե քաղաքապետ, քանի որ այս ընթացքում և՛ վարչապետի այցի օրը, և՛ դրանից հետո լրատվամիջոցներով Վանաձորի զարգացման ծրագրից խոսում է միայն նա, իսկ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ մի տեղ չկա, մարզպետը նկատեց․ «Ոչ մի հստակ միտում չկա և մի փնտրեք։ Վարչապետի այցի օրը քաղաքապետը գործուղման մեջ էր, քաղաքում չէր։ Ամբողջ պատճառը դա էր։ Իսկ բուն գործընթացով զբաղվում է հիմնականում քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա այդ հարցերում ես ունեմ նաև իմ պատասխանատվության բաժինը և չեմ կարող անմասն մնալ այդ ամենից։ Եվ հետո մենք Վանաձոր քաղաքի զարգացումը նայում ենք մարզի զարգացման կոնտեքստում, և այդ առումով ես չեմ կարող պատասխանատվության բաժինը չունենալ»։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս հորդորեց այդտեղ ոչ մի ինտրիգ չփնտրել։ Նա ընդամենը գործուղման էր, դրա համար էլ չի մասնակցել հանդիպումներին։
Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք նաև Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում բնորդի հաստիք առանձնացնելու մասին, որի համար նախատեսված է 77904 դրամ ամսական աշխատավարձ։ Քաղաքապետն ասաց, որ դա թյուրիմացություն է։ Այդ հաստիքը միշտ եղել է, նոր չի եղել, և հետո՝ արվեստի դպրոցի հաստիքացուցակն իրենք չեն որոշում, այլ մշակույթի նախարարությունը։








































