Երեկ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որի մասնակիցներին հնարավորություն էր տրված արտահայտելու իրենց դիրքորոշումը կառավարության կողմից մշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ:
Այս օրենսդրական նախաձեռնությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, սակայն կանդրադառնանք միայն այն դրույթներին, որոնք քիչ թե շատ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն իրավական, այլ նաև իրավակիրառական տեսակետից:
Եվ այսպես, Եվրամիությունը մեզ առաջարկում է ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք՝ դա համարելով եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նախապայման: Նման մի օրինագիծ շրջանառության մեջ էր 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ այդ համաձայնագրի ստորագրումը դուրս եկավ քաղաքական օրակարգից, մեխանիկորեն դուրս եկավ նաև նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Քանի որ Հայաստանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ, Հայաստանում կրկին օրակարգային է դարձել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը:
Օրենքի ընդդիմախոսները համարում են, որ այն հակասահմանադրական է: Մասնավորապես նրանք պնդում են, որ այս օրենքի նախագծով սահմանափակվում է մարդու սեփականությունը ազատորեն տնօրինելու սահմանադրական իրավունքը: Սահմանադրության 60-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Մինչդեռ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում առաջարկվում է, որ մարդը կարող է վտարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից, եթե նա բռնարար է, այսինքն՝ բնության է ենթարկում կնոջը կամ երեխաներին:
Օրենքի նախագիծը խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացնող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասում է, որ օրենքի նախագծի այդ կետը հակասահմանադրական չէ, քանի որ մարդը ոչ թե զրկվում է սեփականության իրավունքից, այլ այն ժամանակավոր տնօրինելու իրավունքից: Այսինքն՝ բռնարարին կարող են վտարել իրեն պատկանող բնակարանից, բայց ժամանակավոր: Թե ինչ ժամանակով՝ հայտնի չէ:
Օրենքի ընդունման հակառակորդները պնդում են, որ այս օրենքը հակասահմանադրական է, քանի որ հակասում է Սահմանադրության 36-րդ հոդվածի 2-րդ կետին, որը սահմանում է. «Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով»: Մինչդեռ կառավարության ներկայացրած օրենքի նախագծով հայրը կարող է զրկվել իր երեխայի հետ շփվելու իրավունքից, մասնավորապես՝ նրան կարող են զրկել երեխային 100 մետրից ավելի մոտ գտնվելու հնարավորությունից: Չնայած Սահմանադրությամբ հստակ նշված է, որ սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ, սակայն արդարադատության նախարարի տեղակալը պնդում է, որ ոստիկանությունը կարող է սահմանափակել տեսակցելու իրավունքը՝ հանուն նոր բռնությունից խուսափելու: Վիգեն Քոչարյանը պնդում է, որ օրենքի նպատակը բռնության կանխարգելումն է, ոչ թե բռնության հետևանքների համար սանկցիաների կիրառումը:
Վիգեն Քոչարյանը պնդում է, որ այս նախագծի նպատակը կանխարգելիչ է, որ ավելի լավ է ի սկզբանե կանխարգելել բռնությունը, թույլ չտալ հանցագործության կատարումը, քան հետո դատապարտել այն կատարողին: Նա մասնավորապես ասում է, որ ավելի լավ է թույլ չտալ, որ հայրը սպանի իր զավակին, քան հետո ունենալ սպանված զավակ և քրեակատարողական հիմնարկում գտնվող հայր:
Եթե առաջնորդվելու լինենք այս տրամաբանությամբ, ընդհանրապես ավելի լավ է մեկուսացնել բոլոր մարդկանց: Եթե տեսականորեն հնարավոր լինի մեկուսացնել բոլոր մարդկանց, այդ դեպքում հնարավոր կլինի կանխարգելել բոլոր հանցագործությունները՝ չեն լինի բռնությունները, սպանությունները, ավազակային հարձակումները, խարդախությունները և ընդհանրապես քրեական օրենսգրքով նկարագրված որևէ հանցագործություն:
Եվ մի բան էլ. պարոն արդարադատության փոխնախարարն ասում է, որ այս օրենքով ստեղծվում են ապաստարաններ հոգեբանական և տնտեսական բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար: Կարծում ենք՝ մեր երկրում նման ապաստարանների ստեղծման անհրաժեշտություն չկա, քանի որ այդպիսի ապաստարան են հանդիսանում ԵՄ անդամ երկրները: Երբ ՀՀ քաղաքացիները Հայաստանում ենթարկվում են քաղաքական, հոգեբանական կամ տնտեսական բռնության, երբ անարգվում է նրանց իշխանություն ձևավորելու, նորմալ կենցաղով ապրելու կամ ազատ տեղաշարժի, ազատ խոսքի իրավունքը, նրանք պարտադրված են լինում ապաստան խնդրել ԵՄ երկրներում: Ինչ իմաստ ունի ապաստարաններ ստեղծել Հայաստանում, երբ հայ մարդը այդ ապաստանը ստանում է Եվրոպական միության ընդարձակ անդաստանում: Միգուցե ԵՄ-ն ուզում է այս օրենքն անցկացնել հայ փախստականներից ազատվելու համար:
Հ.Գ. Երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ, Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հայտարարեց, որ այս օրենքն էլ եվրաինտեգրման մի նախապայման է, և, որպես եվրաինտեգրացիայի ջատագով, բացատրեց, որ օրենքը եվրաինտեգրացիայի անհրաժեշտ փուլերից է: Նա նույնիսկ Աստվածաշնչից մի մեջբերում կատարեց, ըստ որի՝ այն հայրը, ով սիրում է իր որդուն, նա խրատում է: Ըստ եպիսկոպոս Աջապահյանի գրաբարում խրատելը ուներ ֆիզիկական ներգործության իմաստ, այսինքն՝ խրատելը նշանակում է նաև բռնության կիրառում, բայց դա ամենևին ֆիզիկական բռնությունը չէ: Մի խոսքով՝ մենք գործ ունենք մի օրենքի նախագծի հետ, որը շատ նման է Ընտրական օրենսգրքին. դրա ընդունումը անհրաժեշտ է, բայց ամենևին պարտադիր չէ դրանով առաջնորդվելը, կեղծիր որքան ուզում ես:








































