Ավստրալիայի հյուսիսում ոստիկանությունը կասկածներ ունի, որ կոկորդիլոսը սպանել է 79-ամյա Անն Քեմերոնին, ով ծերանոցից գնացել է անտառ և մոլորվել։ Հայտնում է CBSNews-ը։
Ոստիկանության տեսուչ Էդ Լուկինը հայտարարել է, որ Քեմերոնի աճյունը հայտնաբերվել է նրա անհետանալուց միայն երկու օր անց և ծերանոցից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգի Պորտ Դուգլաս քաղաքում։
Փորձաքննության արդյունքները դեռ պետք է հաստատեն, որ հայտնաբերված աճյունը պատկանել է Քեմերոնին, քանի որ այդ շրջանում որևէ մեկը հայտարարություն չի տվել մարդու անհետանալու մասին։ Ոստիկանությունը կարծում է, որ Քեմերոնը մտել է արևադարձային անտառ, ուր և նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը։








































