«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
– Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, ընդունեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: Ադրբեջանը նշում է, որ հակաադրբեջանական արշավի ետևում Հայաստանն է կանգնած: Սա խնդիր առաջացնո՞ւմ է Հայաստանի համար:
– Կարծում եմ՝ այս հարցին և ադրբեջանական կողմին շատ հիմնավոր կերպով պատասխանեց զեկուցողներից Լենա Սոտնիկը՝ նշելով, որ զեկույցների ետևում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է, օրենքի գերակայության արժեքն ու հիմնական ազատությունների հարգումը: Ծիծաղելի է ադրբեջանական կողմի բարձրացրած հիստերիան՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ այդ զեկույցներից մեկը համարվում է պարբերաբար ընդունվող զեկույց, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածը մեկ Վեհաժողովը անդրադառնում է այդ երկրի կողմից իր մոնիտորինգային պարտավորությունների կատարմանը և արձանագրում իրավիճակը: Իսկ իրավիճակը այդ երկրում չի փոխվում և գնալով ավելի է վատանում: Զավեշտալի է կարծել կամ հայտարարել, որ, օրինակ, Իլգար Մամադովի ազատ չարձակման ետևում կանգնած է Հայաստանը:
– Մեկ-երկու տարի առաջ ընդգծված հակահայկական տրամադրություններն այսօր կարծես թե չկան: Կարծիք կա, որ «Ադրբեջանի լվացքատան» գործը, Ագրամունտի հրաժարականը և այլն նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի համար: Շատերը պնդում են, որ տարիներ շարունակ հայկական կողմն այդ ուղղությամբ քայլեր չի արել: Նպաստավոր դաշտը որքանո՞վ կարող ենք օգտագործել հօգուտ մեզ: Հակահայկական նախագծերը կանխելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք տանելու:
– Նախ՝ ես չէի ցանկանա անդրադառնալ գնահատականների ձևով հնչող կարծիքներին և գնահատական տալ նախորդ պատվիրակության գործունեությանը՝ մանավանդ, որ ես ինքս էլ ժամանակին եղել եմ պատվիրակության անդամ: Բնականաբար, կան նախորդ նստաշրջաններից մնացած խնդիրներ, որոնք պատվիրակության անդամների հետ միասին փորձում ենք լուծել, կարգավորել: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մշտապես լինենք պաշտպանվողի դերում, այլ պետք է համաձայնության, համախոհության միջոցով ներգրավվենք համաեվրոպական օրակարգ և առաջ քաշենք համընդհանուր կարևորության հարցեր:
Ինչ վերաբերում է նպաստավոր պայմաններին, պետք է նշեմ՝ դրականն այն է, որ ներկայումս ԵԽԽՎ-ում փոխվել է միջավայրը, և այն բոլոր մտահոգությունները, կոռուպցիոն գործընթացների մեջ ադրբեջանական կողմի ներգրավվածության վերաբերյալ մեր բարձրաձայնումները այլևս չեն ընկալվում զուտ միայն որպես հայկական կողմի մեղադրանքներ, այլ որպես օբյեկտիվ հիմք ունեցող երևույթներ: Սակայն մյուս կողմից՝ Ձեր ասած նպաստավոր դաշտը բնավ չխանգարեց Ադրբեջանին վերջին տարվա ընթացքում ներկայացնել բազմաթիվ հակահայկական ձևակերպումներ: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում ադրբեջանական լոբբին շեշտակի է դարձնելու իր աշխատանքը, ադրբեջանական կողմը փորձելու է բոլոր հնարավոր զեկույցներում և բանաձևերում ներկայացնել հակահայկական ձևակերպումներ: Այսինքն՝ հայկական պատվիրակության աշխատանքը այս առումով ավելի է բարդանում, և կարծում եմ, որ ժամանակից շուտ չարժի հաղթանակներ տոնել: Վստահ եմ՝ ինչքան էլ արտաքին պայմանները լինեն նպաստավոր, որքան էլ միջավայրը լինի բարենպաստ, եթե աշխատանքդ անարդյունավետ է, միևնույն է՝ ձախողելու ես: Սա նշանակում է, որ տեսանելի արդյունքների արձանագրման, հաջողության կարելի է հասնել միմիայն այն դեպքում, երբ տարվի շարունակական և հետևողական աշխատանք, երբ յուրաքանչյուր դեպքի գնահատման հիման վրա մշակվի և իրականացվի հստակ մարտավարություն:
– Այս օրերին Դուք խոսում էիք հանձնաժողովներից մեկում հակահայկական ձևակերպումների չեզոքացման մասին: Ինչի՞ մասին էր խոսքը, ե՞րբ էր այդ զեկույցը ներկայացվել:
– Շատ խորհրդանշական է, որ այդ զեկույցը, որը վերաբերում էր զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանը, ստացվել էր, և զեկուցողն էլ նշանակվել էր բավական ամիսներ առաջ, այսպես կոչված՝ «բարենպաստ» շրջանում, նկատի ունեմ ագրամունտյան սկանդալի կիզակետը: Եվ մեզ հաջողվեց ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստոմ եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ ադրբեջանցի զեկուցող Ֆատալիևայի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել: Սա խոսում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում լարվածությունը դեռ տևական ժամանակ կպահպանվի, և հայկական պատվիրակությունը պարտավոր է մշտապես լինել չափազանց զգոն, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը բաց չի թողնում առիթը նույնիսկ առաջին հայացքից Հայաստանին կամ Արցախին չվերաբերող փաստաթղթերում հակահայկական ձևակերումներ մտցնելու:
– Ի՞նչն եք կարևորում պատվիրակության աշխատանքում, ինչպիսի՞ հմտություններ պետք է ունենան պատվիրակության անդամները:
– Ես կարևորում եմ ներդաշնակ ու համատեղ աշխատանքը: Առհասարակ գնահատում եմ բացառապես աշխատանքն ու արձանագրված արդյունքը և ոչ երբեք դրան նպաստող այս կամ այն առանձին վերցրած տարբեր գործոնները, օրինակ՝ հմտություններ, փորձառություն, ինստիտուցիոնալ հիշողություն, ակտիվություն, երիտասարդական ավյուն և այլն:
– Եվրոպական դատարանում Հայաստանում մարդու իրավունքների խախտման գործերի տեղատարափ է սպասվում: Սա որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ ԵԽԽՎ-ում մեր աշխատանքների վրա:
– Ես չէի օգտագործի տեղատարափ բնորոշումը: Գործերի աճը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ՝ միայն ապրիլյան դեպքերի hետ կապված Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ շուրջ 500-600 հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում մեր աշխատանքների վրա հնարավոր ազդեցությանը, ապա պետք է նշեմ, որ, որպես կանոն, Վեհաժողովը անդրադառնում է ՄԻԵԴ-ում տվյալ պետության վերաբերյալ քննվող գործերին այն ժամանակ, երբ պետությունները չեն կատարում կամ թերի են կատարում Եվրոպական դատարանի վճիռները: Օրինակ՝ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը իր այս տարվա զեկույցներից մեկում խիստ մտահոգություն էր արտահայտում, որ Եվրոպայի խորհրդի 10 անդամ երկրներ (Իտալիա, ՌԴ, Թուրքիա, Ուկրաինա, Ռումինիա, Հունգարիա, Հունաստան, Մոլդովա և Լեհաստան) դեռևս դժվարություններ ունեն ՄԻԵԴ-ի վճիռների կատարման գործում:
– Երեկ ԵԺԿ խմբի արտահերթ նիստում խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց։ Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար։
– ԵԺԿ խմբում քվեարկության էր դրվել հարց, որ ԵԽԽՎ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով ԵԽԽՎ նախագահ ընտրված Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսի օգտին, խախտել են ԵԽԽՎ այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ պետք է քվեարկեն խմբի ներկայացրած թեկնածուի օգտին։ Այս նախաձեռնության նպատակն էր, որ հունվարին կայանալիք ԵԽԽՎ նախագահի ընտրություններում ԵԺԿ-ն հիմք ունենա ու կրկին ներկայացնի իր թեկնածուին՝ խախտելով այն պայմանավորվածությունը, որ հաջորդ նախագահը պետք է լինի սոցիալիստների խմբից։ Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ արձանագրվի, թե տեղի է ունեցել խախտում, որը նրան հնարավորություն կտար հունվարին առաջադրվել որպես ԵԺԿ թեկնածու՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար։ Թեժ քննարկումներից հետո ձայների 26-24 հարաբերակցությամբ որոշվեց, որ կանոնները չեն խախտվել, և քանի որ Ֆիշերի առաջարկը չանցավ, նա որոշեց հրաժարական տալ:
– Հրատապ քննարկվել է Ուկրաինայում կրթության մասին նոր օրենքի հետ կապված հարցը, որը խստացումներ է նախատեսում փոքրամասնությունների լեզվի հետ կապված: Գիտենք, որ Հունգարիայում վրդովված են Ուկրաինայում կրթության մասին խտրական օրենքի ընդունումից: Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի, ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել: Գիտենք, որ մի կողմից՝ չկան դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի հետ: Հնարավո՞ր է՝ Հայաստանը քվեարկի Ուկրաինայի օգտին:
– Ուկրաինայում Կրթության մասին նոր օրենքի հետ կապված ուկրաինական կողմը փաստարկ էր բերում, որ իրենք ուղարկել են Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, և առաջարկում էր սպասել մինչև Վենետիկի հանձնաժողովը կտա վերջնական եզրակացություն, որպեսզի հունվարյան նստաշրջանին, որտեղ փոքրամասնությունների իրավունքների հետ կապված հարց է քննարկվելու, նոր դրան անդրադարձ կատարվի: Ըստ էության՝ այդ զեկույցներում եղել են որոշ փոփոխություններ, որտեղ մենք այդ դիրքորոշումը պաշտպանել ենք:







































