Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Եվրահանձնաժողովին կոչ է արել փոխհատուցում պահանջել «Գազպրոմից» ԵՄ երկրների համար, որոնք, նրա խոսքով, տուժել են ռուսական ընկերության մենաշնորհից: Այս մասին նա հայտարարել է Վիլնյուսում եվրոկոմիսար Մարգրեթ Վեսթագերի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է INTERFAX-ը:
Գրիբաուսկայտեն Եվրահանձնաժողովին կոչ է արել նաև ապագայում հասնել ռուսական գազի գնի փոփոխության՝ հիմնված «ազնիվ շուկայական մրցակցության» վրա, որը կարտացոլի իրական իրավիճակը շուկայում:
Անցած տարվա վերջին արբիտրաժը Ստոկհոլմում մերժել է Լիտվայի 1,4 մլրդ եվրոյի հայցը «Գազպրոմի» դեմ: Վիլնյուսը պնդում էր, որ 2004-2012 թթ. չափից շատ է վճարել ռուսական ընկերությանը: Ստոկհոլմի արբիտրաժը չափազանց աբստրակտ է անվանել «ճիշտ գին» հասկացությունը:









































