Համացանցը, փաստացիորեն հանդիսանում է պատերազմի ճակատներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում լրագրողների հետ զրույցում նման դիտարկում է կատարել ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմների բնագավառում մեծ փորձ ունի:
«Փաստացի, ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում: 2000-ականներից այդ պատերազմն անցել է համացանցային դաշտ: Հայ-ադրբեջանական ամենաթեժ կիբեր ընդհարումը եղել է 2012 թվականին, երբ Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց: Մի քանի օրվա մեջ եղավ շատ լուրջ ընդհարում: Տուժեցին երկու կողմերն էլ: Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմի ներկա փուլին, ապա ակնհայտ է, որ վերջին 1-2 տարում Ադրբեջանը կիբերմիավորումներ է ձևավորում: Եթե վերլուծենք հայկական կողմի գործունեությունը, ապա առնվազն կարող ենք տեսնել բաց տեղեկատվություն, որ բանակն ամեն զորակոչի հայտարարում է կիբեր միավորումների համալրման մասին»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող հստակ նկարագրել, թե որն է հիբրիդային պատերազմը, բայց, ընդհանուր առմամբ ոչ ավանդական մեթոդների կիրառումը համարվում է հիբրիդային պատերազմի կոմպոնենտ:
«Հիբրիդային պատերազմի բաղադրիչներ է համարվում քարոզչական պատերազմը, որն այսօր ունի բազմաթիվ նոր մեթոդներ՝ սկսած սոցիալական ցանցերի կիրառում, կիբերհարձակումներ: Ընդհուպ կան դեպքեր, երբ կիբեր հարձակումները բերել են ֆիզիկական լուրջ վնասների՝ ենթակառուցվածքային մակարդակով: Հիբրիդային պատերազմի տարրերի կիրառում կարելի է տեսնել հենց նաև ղարաբաղյան հակամարտության ընթացքում՝ քարոզչական պատերազմ, կիբեր հարձակումներ: Սա կարելի է համարել քողարկված պատերազմ, բայց միաժամանակ ակնհայտ է, որ հակամարտող կողմերը շատ ակտիվ են գործում: Հիբրիդային պատերազմն այն պատերազմն է, որը հստակ սահմաններ չունի: Տեխնիկական միջոցներն այսօր թույլ են տալիս գործողություններ իրականացնել խորը թիկունքում»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:










































