Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամ Երևանում կայացավ ավանդական դարձած «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը: Միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնվեցին 8 անվանակարգերում:
Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը անվանակարգում «ոսկե բանալի» մրցանակի արժանացավ Շիրակի մարզապետարանը: Մրցանակը հանձնվեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին:
Տեղեկատվություն տրամադրած լավագույն ինտերնետային պաշտոնական կայք անվանակարգում մրցանակի արժանացավ Geofund.am կայքը:
Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենակրեատիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն անվանակարգում հաղթող ճանաչվեց «Բիսիբիլիթի ինֆո»-ն:
«Տեղեկատվության ազատության մասին» ամենակրեատիվն օգտագործած հանրային գործիչ անվանակարգում մրցանակի արժանացավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հետք» տեղեկատվական կայքը:
Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ և հետևողական փաստաբան անվանակարգում մրցանակի արժանացավ իրավաբան Դավիթ Ասատրյանը:
Միջոցառման ընթացքում շնորհվեց նաև հատուկ մրցանակ, որին արժանացավ ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարինե Կարապետյանը:
Բացասական մրցանակը` «ժանգոտ կողպեք»-ը տրվեց ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ պետական մարմին անվանակարգում, այն բաժին հասավ Հայաստանի պատմության թանգարանին: Գյումրիի ասպարեզ ակումբը օրենքով սահմանված կարգով հարցում է ուղարկել Հայաստանի պատմության թանգարան և խնդրել տրամադրել թանգարանի ցուցանմուշների ցանկը, սակայն թանգարանը, որևէ իրավական հիմնավորում չներկայացնելով և մեջբերելով ներքին կանոնադրությունը, պատասխանել է, որ թանգարանի նմուշները գաղտնի են:
Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը: Նա ընդգծեց, որ արդեն 15 տարի սեպտեմբերի 28-ին հավաքվում են նշելու Տեղեկատվության ազատության մասին միջազգային օրը: «Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անցած տարիների ընթացքում կարևորել են մեր աշխատանքը և տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը: Մենք այս միջոցառմամբ խրախուսում ենք այն գերատեսչություններին, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել բաց և թափանցիկ աշխատանքով, ինչպես նաև այն հանրային դեմքերին և լրագրողներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապահովել են հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացումը»,- նշեց Դոյդոյանը:
Նա անդրադարձավ «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներին` ընդգծելով, որ առաջիկայում քաղաքացիական հասարակությունը հանդես է գալու հայտարարությամբ և արդարադատության նախարարությանը կոչ է անելու դադարեցնել նման ձևաչափով օրենքի նախագծի մշակման աշխատանքները: «Այդ աշխատանքներին քաղաքացիական հասարակությունը ընդհանրապես չի մասնակցում: Միայն երբեմն ինչ-որ բան են ուղարկում և խնդրում են կարծիք ներկայացնել: Սակայն այդպես չի կարելի: «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը, որը կենսունակ է և շատ արդյունավետ, մշակվել է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ և հաշվի են առնվել բոլոր կարծիքներն ու դիտողությունները: Յուրաքանչյուր նախադասության վրա համատեղ աշխատանք է արվել: Պետք չէ այդ կենսունակ օրենքը փոխարինել մեկ այլով, որի վրա քաղաքացիական հասարակությունը չի աշխատել, որը հանրային լայն քննարկման չի ներկայացվել»,- ասաց Լիանա Դոյդոյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանն իր խոսքում ընդգծեց, որ պետական կառույցների բաց և թափանցիկ աշխատանքը ի սկզբանե կառավարության համար կարևոր է եղել: «Մենք համոզված ենք, որ կառավարության ցանկացած ծրագիր հաջողություն կունենա, եթե ներկայացվի հանրությանը: Ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները, և մենք օգտվելու ենք բոլոր հնարավոր գործիքներից: Ողջունելի է, որ այս հարցում կա նաև կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցությունը: Շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք միասին աշխատել»,- եզրափակեց Ջիլավյանը:












































