Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Հովհաննես Կարապետյանի, Վաղարշակ Մանասյանի և Արթուր Մխիթարյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Հովհաննես Կարապետյանն իր կնոջ անչափահաս եղբորը՝ 16-ամյա Արթուրին ներգրավել է ծանր հանցագործությունների՝ բնակարանային գողությունների մեջ:
Արթուրը հիմնականում հանդես է եկել «աթանդայի»՝ հսկողի դերում՝ մինչ Հովհաննեսն ու իր 29-ամյա հանցակից Վաղարշակը կատարում էին գողությունները:
Նոր Խարբերդում բնակվող այս եռյակը 2013 թվականի մայիսից 8 դրվագ ավարտուն գողություն է կատարել հիմնականում Նոր Խարբերդի ամառանոցներից: Կատարվել են նաև գողության մի քանի փորձեր:
Բացի գողությունների ու գողության փորձերի համար մեղադրվելուց, Հովհաննես Կարապետյանը մեղադրվում է նաև անչափահասին ծանր հանցագործությունների մեջ ներգրավելու համար:
Հովհաննես Կարապետյանը կալանավորված է, իսկ Վաղարշակի և Արթուրի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































