Հոկտեմբերի 11-13-ը Երևանում կանցկացվի Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցիացիայի (EURHODIP) տնօրենների խորհրդի նիստը: Երևանում այս նիստը անցկացնելու համար մեծ ներդրում ունի Տուրիզմի հայկական ինստիտուտը, որը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղն է, իսկ տնօրեն Ռոբերտ Մինասյանը EURHODIP-ի խորհրդի անդամ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Մինասյանն ասաց, որ EURHODIP-ի հետ համագործակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ինտեգրվել տուրիզմի եվրոպական չափորոշիչներին: Նրա հավաստմամբ՝ մենք այսօր տուրիզմի ոլորտում որակյալ կադրերի պակաս ունենք, իսկ նմանատիպ միջոցառումները թույլ են տալիս փոխանակվել փորձով:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ևս փաստեց, որ զբոսաշրջության ոլորտում կադրերի պակասն օրակարգային է. «Հայաստանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին էքսկուրսավարները չեն հերիքում, մենք կադրերի լուրջ պակաս ունենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ այս ոլորտում անընդհատ տեղի են ունենում զարգացումներ, և պետական քաղաքականության հիմնական նպատակն է արագ արձագանքել, ճկուն և դինամիկ լինել:
Արա Պետրոսյանի խոսքով՝ այս ոլորտում հիմնական խնդիրները կապված են տուրիստական ծառայությունների որակը բարձրացնելու, տուրիստական ուղղությունները և տեսակները ընդարձակելու, մատուցվող ծառայությունները մատչելի և մրցակցային դարձնելու հետ: Այս հարցերը կարգավորելու համար շատ կարևոր է մասնավոր ընկերությունների և պետության համագործակցությունը:
Ինչ վերաբերում է թվերին, ապա այս տարի և՛ ներքին, և՛ ներգնա, և՛ արտագնա տուրիզմն արձանագրել է աճ: Այս տարվա առաջին կիսամյակին Հայաստան է այցելել 321 հազար 279 զբոսաշրջիկ՝ մոտ 14.3 տոկոսով ավելի անցյալ տարվա համեմատ: Ներքին տուրիզմն աճել է 14.5, իսկ արտագնան՝ 13.6 տոկոսով:







































