Այսօր աշխարհում նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը: Նյու Յորքի բժշկական համալսարանի դասախոս, հոգեբան, հոգեբույժ Մուշեղ Նաջարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հոգեկան խանգարումների մեծ մասի հիմքը սոցիալական պայմաններն են: Դրանք սկսվում են ընտանիքից, և եթե ընտանիքը չի կարողանում երեխային առողջ մթնոլորտում մեծացնել, նա խանգարումներ է ունենում:
Ըստ հոգեբանի՝ «Եթե 30 տարի առաջ մարդիկ ամաչում էին հոգեբանի դիմել, ապա այսօր դրանց թիվը գրեթե զրոյացել է, քանի որ մոտեցումներն ու բուժման մեթոդները վերելք են ապրում»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանն էլ հավելեց, որ 2012 թվականի տվյալներով՝ բնակչության մոտավորապես 0,5 մլրդը՝ յուրաքանչյուր 14-րդը, տառապում է հոգեկան խանգարումներով. «Բոլորս պոտենցիալ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ ենք: Եթե անգամ մարդն առողջ է, նա վաղ թե ուշ հոգեկան խանգարումներ ունենում է»:
Վերջում նա նշեց, որ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար կան բուժման դեղորայքային և սոցիալական մոտեցմամբ բուժումներ: Դեղորայքային բուժումը հիմնականում էպիլեպսիայով, շիզոֆրենիայով, նյարդային հիվանդություններով տառապող մարդկանց համար է: Սոցիալական բուժումը ենթադրում է ընտանիքում հարաբերությունների, սոցիալական խնդիրների հաղթահարում:











































