1992-1994 թթ. Գորիսի քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն «Առաջին լրատվական-ի միջոցով հայտարարություն է տարածել.
«Ի հավելումն վերջին չորս ամիսներին հրապարակածս հայտարարություններում մեր ժամանակների հակահերոս Լիսկայի արտասովոր քրեական կենսագրության հիմնավոր փաստարկների՝ կրկին շեշտում եմ, որ այդ հրեշավոր ոճրագործը, առաջնորդվելով «ախորժակն ուտելիս է բացվում» տխրահռչակ կարգախոսով, հայոց ազգային սեփականությունը հանդիսացող Սյունյաց կարևորագույն հանքերը զավթելուն և վաճառելուն զուգնընթաց՝ սեփականաշնորհման անվան տակ ձգտում է օր առաջ զավթել նաև, իմ խորին համոզմամբ, Հայաստանի ռազմավարական նշանակության թիվ մեկ ձեռնարությունը՝ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը:
Որոտանի կասկադը կառուցվել է մի շարք նվիրյալ հայորդիների, հատկապես Հայաստանի 1950 թվականների գորիսեցի առաջնորդ Սուրեն Թովմասյանի համառ ջանքերով՝ Խորհրդային Միության կենտրոնական միջոցների հաշվին: Այդ համակարգը կառուցվել է 1960-70-ական թվականներին: Համակարգն իր մեջ ներառում է երեք հիդրոէլեկտրակայաններ, երեք ջրամբարներ, որոնցից Սպանդարյանի ջրամբարը իր մեծությամբ Հայաստանում Սևանից հետո երկրորդ լիճն է՝ մոտ 20 կմ երկարությամբ թունելներ, ջրատարներ, բազմաթիվ շենքեր, շինություններ, հարյուրավոր հեկտարներ կազմող հողատարածքներ, այլ կարողություններ: Այդ համակարգում, մասնավորապես՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանում է արտադրվում աշխարհի ամենաէժան էլեկտրաէներգիան: Նշված ջրամբարները ձկնաբուծության կարևոր կենտրոններ են, այնտեղ կուտակված ջրով ոռոգվում են Սյունիքի տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքներ:
Սպանդարյանի ջրամբարում կուտակված ջուրն է կենարար շունչ հաղորդում դատարկվող Սևանին: Լիսկան 2000 թվականին այդ կարևորագույն ձեռնարկության գործադիր տնօրեն է կարգել ոլորտի հետ բոլորովին կապ չունեցող՝ իր հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանին, որը մինչ այդ Սուրիկ Խաչատրյանի կամոք եղել է Գորիսի տրիկոտաժի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրենը և արդեն հասցրել էր ցամաքեցնել այդ կարևոր ձեռնարկությունը և այն 1990-ականների վերջերին սեփականաշնորհել իրենց ձեռնտու տարբերակով: Այդ միավորման 750 ք/մ տարածքն ընդգրկող շենքերից մեկը հենց այսօր էլ Սասուն Խաչատրյանի սեփականությունն է:
Շարունակում եմ պնդել, որ Որոտանի ՀԷԿ-երի համակարգն անցյալ 13 տարիներին դարձել է Լիսկայի և նրա բանդայի խոշորագույն եկամուտների աղբյուր: Փաստարկել եմ, որ այդ ձեռնարկության տարբեր հաստիքներում ապօրինաբար ձևակերպվել են Սուրիկ Խաչատրյանի բազմաթիվ ազգականներ, մերձավորներ, մասնավորապես՝ նրա աներձագը, իրեն պատկանող «Տիգրան և Տրդատ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վարդան Բարսեղյանը, եղբորորդի Էրիկ Խաչատրյանը, որոնք առանց աշխատելու տարիներ շարունակ պետական ձեռնարկությունից ստացել են բարձր աշխատավարձեր: Փաստել եմ նաև, որ Սասուն Խաչատրյանը միայն Տաթևի հիդրոէլեկտրակայանին հարող ավելի քան 13 հազար ք/մ կազմող հողատարածքը չնչին գնով վաճառել է այդ համակարգի աշխատակիցներ Անուշ Ղարագյոզյանին և Սամվել Ալեքսանյանին, իսկ կարճ ժամանակ անց դրանք նույն գնով գնել և ձևակերպել է իր որդու՝ Կարեն Խաչատրյանի անվամբ:
Արվել է ամեն ինչ, որ եթե ձեռնարկության օտարման ժամանակ հնարավոր չլինի զավթել այն, ապա նոր սեփականատերն անգամ ճանապարհ չունենա դեպի Տաթևի հիդրոէլեկտրակայն: Կրկին հայտարարում եմ, որ Որոտանի ՀԷԿ-երի համակարգին անհրաժեշտ շինմոնտաժային աշխատանքների, վերանորոգումների, թանկարժեք սարքավորումների և այլ միջոցների գնումների անվան տակ դուրս են գրվել ոչ միայն խորհրդային ժամանակների, այլև 1990-ական թվականներին բազմիցս գերազանցող միլիարդավոր դրամական միջոցներ, որոնց զգալի մասը պարզապես յուրացվել է:
Պարզվում է, որ 2012-2013 թվականներին այդ ձեռնարկությանը անհրաժեշտ 800 միլիոն դրամի շինվերանորոգման աշխատանքները կատարել է միայն «Ալպոգա » ՍՊԸ-ն, որի տնօրենը Որոտանի ՀԷԿ-երի 200․000 դրամ աշխատավարձ ստացողներից մեկն է: Անաչառ ստուգումները կպարզեն նաև, թե ինչ նպատակի են ծառայեցվել ձեռնարկության կողմից 1990-ական թվականներին «Դվին» կոնցեռնին, իսկ վերջին տարիներին «Նաիրիտ» արտադրական միավորմանը,Վանաձորի «Քիմպրոմ» արտադրական միավորմանը, «Սյունիք» բարեգործական հիմնադրամին փոխանցված հսկայական ֆինանսական միջոցները:
Այդ ամենից հետո Լիսկան, որպես միակ կամ գլխավոր փայատերերից մեկը, անհագուրդ ախորժակով ձգտում է զավթել Հայաստանի ռազմավարական կարևորագույն նշանակության ձեռնարկությունը՝ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը: Լիսկայի և նրա հովանավորի ախորժակը միայն կարող է փակել ոտքի կանգնող, համախմբվող և բռունցքվող հայոց ազատագրական պայքարի 9-րդ ալիքը»։







































