Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դրական է վերաբերվում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքին: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե մի բան համապատասխանում է մեր ազգային շահերին, պիտի կատարենք այդ քայլը: Եկել է գործելու ժամանակը»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին հղած հայտնի հարցին՝ Արա Աբրահամյանը նշեց. «Ես ինձ երբեք թույլ չեմ տվել այլ երկրներում Հայաստանի մասին վատ բաներ ասել: Մենք իրավունք չունենք վարկաբեկելու երկրի ղեկավարի արժանապատվությունը: Չի կարելի: Եթե մենք խնդիրներ ունենք, այստեղ պետք է լուծենք: Ինձ չի թվում, որ Զարուհի Փոստանջյանի հարցը որևէ սփյուռքահայ ճիշտ կորակի: Արդյոք մենք այլ խնդիրնե՞ր չունեինք՝ բարձրաձայնելու ԵԽԽՎ-ում»,- հարց հնչեցրեց նա:
Ամփոփելով՝ Արա Աբրահամյանը նշեց, որ իր ունեցած տվյալներով՝ Ռուսաստանում ապրում է մոտ երկուսուկես մլն հայ: «ՀՀ քաղաքացի հանդիսացող ևս երկու-երեք հարյուր հազար մարդ անընդհատ գնում-գալիս են Ռուսաստան»:








































