Քանի որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի ավելի քիչ թվով դիմորդներ էին մասնակցում Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների միասնական քննություններին, հնարավոր եղավ ավելի արագ իրականացնել ստուգումները և ավելի շուտ հրապարակվել արդյունքները։
Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը և ավելացրեց, որ ստուգումները երկու ձևով են իրականացվել՝ թե՛ համակարգչային ծրագրերի, թե՛ մասնագետների միջոցով։
Ըստ այդմ՝ առաջին փուլի արդյունքներով, քիմիայի միջին միավորը կազմել է 9.96։
17.5-20 միավոր ստացել է մասնակիցների 4.3 տոկոսը, ամենաբարձր 19.5 միավոր ստացել է մեկ դիմորդ։
Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 հոգի, այսինքն` մասնակիցների 23.2 տոկոսը։ Քննությանը ներկայացել է 69 դիմորդ, բացակայել՝ 33-ը։
Ռուսաց լեզվի քննությունից ստացած գնահատականների միջին միավորը կազմել է 10.53։ Այստեղ ևս գրանցվել է մեկ 19.5 ստացող դիմորդ, 17.5-20 միավոր է ստացել մասնակիցների 4.2 տոկոսը։
Դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցներից 15-ը՝ 21.1 տոկոս։
Քննությանը մասնակցել էր դիմում-հայտ ներկայացնողներից 71-ը, 10-ը բացկայել էր։
Ավելացնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ դիմորդների ամենամեծ թվով քննությունը՝ Հայոց լեզվու և գրականություն առարկայից։
Ինչպես տեղեկացնում են ԳԹԿ-ից, ընդհանուր առմամբ հայտագրվել էր 609 դիմորդ։
ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար Արմեն Փաշայանի փոխանցմամբ, քննությանը չի ներկայացել 18 դիմորդ։










































