Ինչպես հաղորդում է BBC-ն, ամերիկյան ռմբակոծության հետևանքով Պակիստանի Լաման գյուղում սպանվել է իսլամիստ գրոհայինների պարագլուխներից մեկը՝ Իլյաս Քաշմիրին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Քաշմիրին և նրա մարդիկ այստեղ էին ժամանել հենց ռմբակոծության պահին: Նրա մահվան պաշտոնական հաստատում դեռ չկա:
Իլյաս Քաշմիրին հայտնի է որպես Ջիհադ Ալ-Իսլամ շարժման առաջնորդ, որը կապ ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: BBC-ն տեղեկացնում է, որ նրա կապերն այնքան սերտ էին «Ալ-Քաիդայի» հետ, որ Քաշմիրիին անվանում էին Բեն Լադենի հնարավոր ժառանգորդ:
Ամերիկյան զինվորականները Իլյաս Քաշմիրիին մեղադրում էին Աֆղանստանում, Պակիստանում և Հնդկաստանում մի շարք ահաբեկչություններ կազմակերպելու մեջ:








































