Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ընթանում է Գեղամ Մուրադյանի գործի դատավարությունը:
Արարատի մարզի Մրգավետ գյուղի 49-ամյա բնակիչ Գեղամ Մուրադյանը 2013 թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության ու գեղեցկության տոնի օրը, ժամը 12-ին իրենց տան բակում, տոնական շնորհավորանքի փոխարեն, վիճաբանել է իր ավագ քրոջ՝ 51-ամյա Հ.-ի հետ, ապա ծեծի ենթարկել ոչ եղբայրաբար՝ հարվածել է քրոջ որովայնին, նրան գցել գետնին, ինչի հետևանքով քրոջ աջ բազկին ու գլխի ծոծրակային շրջանում արյունազեղումներ են առաջացել, իսկ աջ կողաղեղի շրջանի փափուկ հյուսվածքները սալջարդի են ենթարկվել:
Գեղամ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Եթե բանը հասել է դատարան, ուրեմն կողմերը դեռևս չեն հաշտվել, որովհետև հաշտության հիմքով գործի վարույթը կարող էր և կարճվել:
Գեղամ Մուրադյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:











































