Սինայի թերակղզում նախատեսվում է տնկել մեկ միլիոն ձիթապտղի ծառ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման ծրագրեր է հրապարակել գյուղատնտեսության նախարար Այման Աբու Հադիդը: Նախագիծը, որի արժեքը և իրագործման ժամկետները գաղտնի են պահվում, կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման արաբական կազմակերպության հետ:
Եգիպտոսը ձիթապտղի հիմնական արտահանողներից է, որին բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 13%-ը: Երկրում ձիթապտղի մշակման համար հատկացված է շուրջ 33.5 հազար հա, ընդ որում՝ սեղանի ձիթապտղին բաժին է ընկնում ամբողջ արտադրության 85%-ը, իսկ մնացած 15%-ը զբաղեցնում են տեխնիկական տեսակները, որոնցից ձեթ են պատրաստում:
Ամեն տարի երկրում արտադրվում է 413 հազար տոննա ձեթ, որից արտահանվում է 90 հազարը:
Բարդ է կանխատեսել, թե գյուղատնտեսության նախարարությունը երբ կկարողանա իրագործել նախագիծը՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում թերակղզում ձևավորված ոչ պարզ իրավիճակը:







































