Այսօր Ֆրանսիայում երկաթուղայինները գործադուլ են անցկացնում ընդդեմ Եվրահանձնաժողովի առաջարկած բարեփոխումների: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ազգային երկաթուղային ընկերության հայտարարությամբ՝ գործադուլը չի անդրադարձել Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանայի և Լյուքսեմբուրգի հետ կապող երթուղիների վրա, որոնք սպասարկում են Eurostar, Thalys և Lyria օպերատորները: Մայրաքաղաքի արվարձաններում գնացքների երթևեկության գրաֆիկը զգալի փոփոխությունների է ենթարկվել: C, N և U գծերի վրա երթևեկությունն իրականացնում են 10 գնացքներից 7-ը: Խաթարված է նաև միջքաղաքային երթևեկությունը:
Գործադուլի հետևանքով պատճառված անհարմարության մեղմացման համար Ազգային երկաթուղային ընկերությունը գործարկել է ավտոբուսային երթուղիներ: Սպասվում է, որ գործադուլը կտևի մինչև հինգշաբթի՝ ժամը 08.00-ն:
Եվրահանձնաժողովի առաջարկած բարեփոխումը նախատեսում է ոլորտի ընկերությունների միավորում: Գործադուլավորները մտավախություն ունեն, որ բարեփոխումը լավ չի անդրադառնա իրենց աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական ապահովության վրա:







































