Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է Հայկ Միսակյանի գործի դատավարությունը:
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի 23-ամյա բնակիչ Հայկը 2013 թվականի հունիսի 16-ին, ժամը 22-ին համագյուղացի Արմենին պատկանող մեքենայով մեկնել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղ և միջնակարգ դպրոցի մերձակայքում հանդիպել նույն գյուղի բնակիչ Գևորգին: Հայկը բացատրություն է պահանջել Գևորգից նախօրեին իր ընկերուհու հեռախոսին զանգահարելու, ինչպես նաև իր հետ հեռախոսային խոսակցության ժամանակ հայհոյելու համար:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, կռվի, որի ժամանակ Հայկը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած դանակով հարվածել է Գևորգի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Հայկ Միսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը կալանավորումն է:








































