Պարզվում է` հայ պաշտոնյաները երեկ զինվորական կամուֆլյաժով են գնացել աշխատանքի ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ընդ որում` դա պարտադիր է եղել: Օրինակ` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում երեկ ասաց, որ ինքը ևս զինվորական համազգեստով է: Հիշեցնենք, որ նրա անունը պարբերաբար շրջանառվում է այն մարզպետների շարքում, որոնց պաշտոնում հնարավոր է փոփոխություն լինի:
– Պարոն Շահգալդյան, Դուք է՞լ եք կամուֆլյաժ հագել:
– Այո: Կարող եք գալ, տեսնել: Ինձ լավ էլ սազում է, իմիջիայլոց, գիտեք:
– Իսկ դա վարչապետի հրահա՞նգն էր, որ բոլոր պաշտոնյաները պիտի կամուֆլյաժ հագնեն: Նախարարներն էին կամուֆլյաժով կառավարության նիստում:
– Ինչ է նշանակում` վարչապետի որոշումն էր: Դե, եթե զինվորական միջոցառում ա, զորավարժություններ ա, բնականաբար պիտի զինվորական համազգեստով լինել, ինչ որոշման մասին է խոսքը:
– Ուզում եմ հասկանալ` դա պարտադի՞ր էր:
– Այո՛:
– Պարոն Շահգալդյան, Արարատի մարզպետը հրաժարական տվեց: Կուզենայի իմանալ Ձեր գնահատականը նրա հրաժարականի վերաբերյալ, և քանի որ որոշ մարզպետների անուններ տարբեր առիթներով շրջանառվում են, հնարավո՞ր է Դուք էլ հրաժարական տաք:
– Հիմա, որ Արարատի մարզպետը իր կամարտահայտությամբ դիմում է գրել աշխատանքից ազատվելու համար, ինչի՞ եք եզրակացրել` էս մարզպետին էլ են հանելու, էն մարզպետին էլ են հանելու: Ինչի՞, որ ինքը հրաժարական ա տվել, ինձ կամ մյուս մարզպետներին առնչվո՞ւմ է, պիտի իրանք էլ հրաժարական տա՞ն: Եթե ես հրաժարական տամ, Արարատի մարզպետի պես դիմում կգրեմ վարչապետին, հաջորդ վայրկյանին կիմանաք, կտեղադրեն կառավարության սայթում: Ուրիշ ի՞նչ եք ուզում էլ:
– Ասել է թե` Դուք չեք պատրաստվում հրաժարական տալ:
– Բայց ինչի՞ պիտի հրաժարական տամ: Դրդապատճառը ո՞րն ա հրաժարական տալու: Կամ ինչ գնահատականի մասին է խոսքը: Մարդը չի ուզել աշխատի էդ պաշտոնում, դիմում ա տվել աշխատանքից ազատվելու:
– Պարոն Շահգալդյան, այսօր մարզում արտագաղթի ի՞նչ տեմպ կա, Ձեզ համար է՞լ է նկատելի աճը արտագաղթի հետ կապված:
– Ես այդպիսի վիճակագրություն չեմ պահում: Մարզպետարանն այդպիսի վիճակագրություն չի պահում: Դրա համար կա միգրացիոն ծառայություն:
– Պարոն մարզպետ, հուլիսի 1-ից փաստորեն պատգամավորների և նախարարների աշխատավարձը բարձրանում է մի քանի անգամ, իսկ մարզպետներինը չի բարձրանում: Դա ո՞նց եք գնահատում
– Մարզպետներին աշխատավարձ պետք չի, մենք աշխատում ենք հանուն ժողովրդի:
– Թե՞ հնարավոր է բիզնեսներ ունեք, ու Ձեզ աշխատավարձ պետք չի:
– Ես բիզնեսներ չունեմ, կարող եք չկասկածել:
Լուսանկարը՝ Photolure-ի











































