Ռուսաստանը և ԱՄՆ-ը կիսում են ընդհանուր անհանգստություն և հետաքրքրություններ Սիրիայի հարցում՝ ձգտելով ոչնչացնել քիմիական զենքն այս երկրում: Ինչպես հաղորդում է RIA Novost-ն, նման կարծիք է հայտնել Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր և ռուս-ամերիկյան հարաբերությունների փորձագետ Մարկ Կացը:
«Օբաման և Պուտինը փոխադարձ կախում ունեն միմյանցից Սիրիայի հարցում: Պուտինը չի ցանկանում ռազմական հարված, իսկ Օբաման չի ցանկանում հարվածել: Ռուսական դիվանագիտական նախաձեռնությունը հաջողություն էր, որն Օբամային թույլ է տալիս հետաձգել ցանկացած նման հարված»,- ասել է Կացը՝ Վաշինգտոնում Վուդրո Վիլսոնի կենտրոնում ելույթ ունենալիս:
Նրա խոսքերով՝ ամերիկյան ղեկավարությունը Սիրիային հարվածելու գաղափարին կարող է վերադառնալ, եթե նախագահ Բաշար Ալ-Ասադը քիմիական զենք օգտագործի կամ հրաժարվի համագործակցությունից: Կացի կարծիքով՝ Ռուսաստանն իր հերթին Սիրիայի իշխանություններին հասկացնել է տվել, որ միայն քիմիական զենքի ոչնչացման հաստատումը՝ համաձայն ստանձնած պարտավորության, կարող է Սիրիան պաշտպանել ամերիկյան հարվածից, և պահանջել է հետևել պայմանավորվածություններին:
Նա նաև նշել է, որ ներկայում ԱՄՆ-ը նույնիսկ հետաքրքրված չէ Ալ-Ասադի վարչակարգի տապալմամբ, քանի որ մտավախություն ունի, որ նրա փոխարեն իշխանության կգան ծայրահեղականները, և այս հարցում ամերիկյան դիրքորոշումը մոտեցել է ռուսականին:
«Կարծում եմ, որ Օբամայի վարչակազմը հենց հիմա չի ցանկանում Ալ-Ասադի բռնի տապալում: Դա կլիներ ևս մեկ Լիբիա: Սիրիայում խնդիրների առաջացման պոտենցիալ հնարավորություններն ավելի շատ են, քան Լիբիայում»,- ասել է Կացը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար խնդիրը հետևյալն է. ռուսները մտածում են, որ Ալ-Ասադը լավագույն տարբերակն է, քանի որ եթե Սիրիայում ժողովրդավարություն լինի, ապա կգա ծայրահեղական իսլամը, իսկ ամերիկացիների կարծիքով՝ Ալ-Ասադը ստեղծում է իսլամական ծայրահեղականների, և խաղաղ փոփոխություններն ավելի լավ են, քան նա:
Կացը չի բացառում երկու կողմերի ճշմարիտ լինելու հավանականությունը:
«Եթե Ալ-Ասադն ընկնի, պայքար կսկսվի ընդդիմադիր տարբեր խմբավորումների միջև: Չգիտեմ՝ ով կարող է վերահսկել այդ ամենը»,- եզրափակել է նա:









































