Կար մի ժամանակ, երբ Հայաստանում ընդդիմությունը շարունակ հանրաքվե էր պահանջում այս կամ այն օրակարգով, և բոլոր այդ նախաձեռնություններն իշխանությունները դիմավորում էին սվիններով: Այդ ժամանակ ընտրական ինստիտուտները դեռ վերջնականապես չէին ոչնչացվել և ցանկացած ընտրություն ինքնաբերաբար դառնում էր իշխանության թշնամին:
Ռոբերտ Քոչարյանը 2004թ-ին հրաժարվեց անգամ Վստահության հանրաքվե անցկացնել` թեև առկա էր Սահմանադրական դատարանի որոշում: Իշխանությունը 2004-ի ապրիլի 12-ին բռնությամբ ցրեց ընդդիմության ցույցը Բաղրամյան փողոցում, գրավեց ընդդիմադիր երեք գրասենյակներ, բանտերը լցրեց քաղբանտարկյալներով, միայն թե խեղդի հանրաքվեի քաղաքական, հանրային պահանջը: Հիմա ժամանակներն արմատապես փոխվել են: Ընդդիմադիր «Ելք»-ն առաջարկում է անվանափոխել Երևանի փողոցները, Հանրապետականն ընդդիմանում է, բայց «մեծահոգաբար» ցույց է տալիս տեղական հանրաքվեի ճանապարհը: Հարցն այն չէ, որ ՀՀԿ-ում վստահ են, որ երևանցիներն անպայման պաշտպանելու են իրենց մոտեցումները: Իշխանության ինքնավստահությունն այլ արմատներ ունի. Հայաստանում ընտրական ինստիտուտներն ոչնչացված են, «տաս հազար դրամի» «գաղափարախոսությունը» ձևավորել է հասարակության ու իշխանության կոնսենսուս, իսկ ընդդիմությունը` իր չկայացվածության կամ անտաղանդության հետևանքով, չունի «ապրանք», որն ավելին արժի, քան իշխանության առաջարկած տաս հազարը:
Այս պայմաններում` հանրաքվեն իշխանության համար գտած բան է` իր դիրքորոշումը լեգիտիմացնելու կամ պատասխանատվությունը հասարակության վրա թողնելու, ընդդիմությանն հերթական անգամ նվաստացնելու համար: Եթե մարդիկ ընդանենը տաս հազարով օտարում են իշխանություն ձևավորելու իրավունքը, ապա նրանց համար բացարձակապես մեկ է, թե ինչ ցուցանակ փակցված կլինի իրենց փողոցի սկզբնամասում, միայն թե իշխանությունից ինչ-որ բան պոկեն: Նույն վիճակն է ավելի գլոբալ հարթության վրա: Ընդդիմությունը «խաչակրաց արշավանք» է ձեռնարկել Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ, սակայն ներքաղաքական ստատուս-քվոն փոխելու, այսինքն` խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ չի ձևակերպում, որովհետև հոգու խորքում համոզված է, որ նոր ընտրություններում պատկերն ավելի անմխիթար կլինի:
Հասարակությանը մեղադրել պետք չէ. երբ ընդդիմությունն ու նրա օրակարգը հավատ չեն ներշնչում, ընտրողներն առաջնորդվում են «շնից մազ պոկելը քյար» է ժողովրդական խոսքով, որովհետև միևնույն է` իշխանությունից այլ ակնկալիք չունեն և հինգ տարի տեսնելու են միայն նրանց ցինիզմը: Հիմա «Ելք»-ը կարող է ընդունել Տարոն Մարգարյանի առաջարկը և համաձայնել փողոցների անվանակոչության թեմայով հանրաքվեին: Ճիշտ է` դա մի թեթև կհարվածի իշխանությունների գրպանին, բայց նժդեհական իշխանություններն ու «Ելք»-ը կփրկեն իրենց դեմքը: Դե, ի՞նչ անի մեր խիստ «ազգային» քաղաքական դասը, եթե «ապազգային» հասարակությունն ուզում է ապրել ոչ թե արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի, այլ ինտերնացիոնալիզմի հայր Լենինի անունը հավերժացնող փողոցում:
Լուսանկարը՝ Photolure-ի









































