Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6: Մի հետաքրքիր օրինաչափություն ենք նկատել. մեր պաշտոնյաnերն ինչքան ապաքաղաքական են լինում` այնքան ինքնահավան ու անպատասխանատու վարքագիծ են դրսևորում: Դա երևի նրանից է, որ անգամ ֆորմալ առումով, գոնե ձևականորեն չկա քաղաքական այն մարմինը, որի առաջ նրանք պատասխանատու են:
Սերժ Սարգսյանն աշխատում է չանդրադառնալ Կարապետյանի բերած կադրերին: Դա կարող է լինել պայմանավորվածության հետևանք, կամ էլ` Սարգսյանը հատուկ է այդպես անում, որովհետև վարչապետի կադրային ծաղկաբույլն արդեն բավարար է, որպեսզի նա պաշտոնանկ արվի ցանկացած պահի: Կարապետյանի բերած «մենեջերներն» աչքի չեն ընկել որևէ բարեփոխմամբ, կրեատիվ որևէ գաղափարով ու մեզ անհայտ են այն չափանիշներն, որոնցով չափելի է, գնահատվում է նրանց աշխատանքը: Կոնկրետ առողջապահության համակարգը, մեղմ ասած, աղետալի վիճակում է` կոռուպցիոն ռիսկերի, սպասարկման, հասարակությանը մատչելի լինելու առումով, և մի փոքր զավեշտալի է հնչում Ալթունյանի ինքնագովեստը: Նախարարի առաջնային խնդիրներից մեկն այն է, որ գոնե կարողանա պահպանել իր ոլորտի բյուջետային հատկացումների մակարդակը, եթե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ավելացնել այն:
Սակայն առողջապահության ոլորտն օպտիմալացման առաջատարներից մեկն է, և համակարգում պետական հատկացումներն առաջիկա տարիներին անշեղորեն պակասելու են: Որևէ այլ երկրում նախարարը նման իրավիճակում նույնիսկ հրաժարական է տալիս, որովհետև ակնհայտ է, որ ավելի նվազ միջոցներով ուղղակի անհնար է բնակչության բուժսպասարկումը: Բայց Հայաստանում նախարարն իր աշխատանքը գերգերազանց է գնահատում համակարգում կատարվող կրճատումների, հասարակության համար ավելի անմատչելի դարձած բուժսպասարկման ֆոնին: Լևոն Ալթունյանը 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6, ըստ երևույթին` այն բանի համար, որ ամենից շատն է նպաստել Կարեն Կարապետյանի օպտիմալացման ծրագրին:
Այսինքն՝ ինքնագնահատման չափանիշը ոչ թե համակարգի վիճակն է, այլ վերադասի, պատրոնի հանձնարարությունների անշեղ կատարումը: Պետական կառավարման համակարգում ամենավտանգավորը` «տուրիստի» կարգավիճակն է: Սա պաշտոնյայի տեսակ է, որն իր կարգավիճակը ստանում է հանգամանքների բերումով, չունի արժեքային համակարգ, քաղաքական պատասխանատվություն: Այսպիսի «տուրիստներից» հետո մի քանի պետական «շաբաթօրյակներն» անգամ անզոր են վերացնելու այն աղբը, որ համակարգում առաջանում է նրանց գործունեության հետևանքով: «Տուրիստի» այդ կերպարը բնութագրական է Մոսկվայից Երևան եկած վարչապետի և նրա կադրերի համար:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի









































