Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզումից հետո մեր ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Շատ մարդիկ չարախոսում էին և նշում, որ մեր հաղթանակները պատահական են եղել: Նրանք իրավունք չունեն նման բաներ ասել, քանի որ մենք մի ազգ ենք ներկայացնում և ձգտում ենք պատվով դուրս գալ ցանկացած խաղում: Մենք խաղում ենք ոչ թե մեր, այլ ազգի համար:
Հաղթում ենք այն մարդկանց համար, ովքեր ցավում են ազգային հավաքականի համար: Ոչ ոքի չեմ առանձնացի Բուլղարիայի հավաքականում: Կուզեմ ավելի շատ կենտրոնանանք մեր խաղի վրա: Լավ հանդիպում է սպասվում:
Չեմ կարող ասել, թե առաջին համարով ենք խաղալու, թե ոչ: Դեռ 3 օր ժամանակ ունենք և դեռ կհասկանանք, թե որ համարով պետք է խաղանք: Ներկա պահին ամենակարևոր հանդիպումը Բուլղարիայի հավաքականի դեմ հանդիպումն է:
Եթե հաղթենք, ավելի լավ տրամադրությամբ կմոտենանք Իտալիայի ընտրանու դեմ խաղին:
Փորձում եմ մաքսիմալ լավ մարզավիճակում ներկայանալ հավաքականին»:








































