Facebook սոցիալական ցանցը հեռուստադիտման վիճակագրությամբ կկիսվի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Բրազիլիայի խոշոր հեռուստաընկերությունների հետ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Սոցցանցը կսկսի հավաքել ու վերլուծել հայտնի հեռուստատեսային շոուներն ու սերիալները դիտողների քննարկումների մասին տվյալներ, ինչից հետո դրանք կփոխանցի հեռուստաալիքների ներկայացուցիչներին: Համաձայնագրի շրջանակում Facebook-ի գործընկերները կդառնան այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են TF1-ը, BBC Channel 4-ը, ARD-ը և այլք: Ընդհանուր առմամբ ծրագրին կմիանան 8 երկրների մոտ 10 հեռուստաալիքներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել սոցցանցի և մի շարք ամերիկյան հեռուստաալիքների համագործակցության մեկնարկի մասին:
Սեպտեմբերի վերջին սոցցանցը գործարկել էր նաև համացանցային պարբերականների հետ աշխատանքի ծրագիր: Բացի այդ, էլեկտրոնային ԶԼՄ-ների ներկայացուցիչները ստացել են սոցցանցում հոդվածների վերնագրերով ու առանցքային բառերով որոնում կատարելու հնարավորություն:
Օգտատերերի հեռուստատեսային նախապատվությունների վերլուծությամբ ակտիվորեն զբաղվում է նաև Twitter-ը: Այսօր սպասվում է առաջին հեռուստատեսային վարկանիշի թողարկումը, որը միկրոբլոգների ծառայությունը կազմում է Nielsen ընկերության հետ համատեղ:










































