Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինները կխախտեն Թուրքիայում մարտական գործողություններ անցկացնելու մորատորիումը միայն ի պատասխան երկրի անվտանգության ուժերի ուժային գործողությունների: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին «Ֆիրաթ» քրդական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է PKK-ի քաղաքական ճյուղի գործադիր կոմիտեի նախագահ Մուրատ Քարայըլանը:
«Քրդական կարգավորման գործընթացը զգայուն փուլում է: Եթե պետությունը չխախտի կրակի դադարեցման պայմանները, մենք ևս չենք անի դա: Սակայն մենք ի սկզբանե ասում ենք՝ եթե գործողություններ սկսվեն, պայմանավորվածությունները չեղյալ կհայտարարվեն»,- ասել է նա:
Քարայըլանը նաև նշել է, որ PKK-ն դադարեցրել է իր գրոհայինների դուրսբերումը Թուրքիայից:
«Մեզ ստիպեցին անել դա: Պատասխանատվությունը կառավարության վրա է: Եվ եթե վաղը կարգավորումը տապալվի, մենք դրանում մեղավոր չենք լինի»,- նշել է նախագահը:
Նրա խոսքերով՝ մինչ իրենք գրոհայիններին դուրս էին բերում Թուրքիայի տարածքից, երկրի կառավարությունը ոչ մի քայլ չի արել վստահության ամրապնդման ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ նրանք ձեռնարկել են գործնական քայլեր, որոնք կարելի է գնահատել որպես պատերազմի նախապատրաստություն:
PKK-ի նախագահը նշել է, որ կարգավորման հաջողության համար Անկարան պետք է բանակցություններին ներգրավի անկախ դիտորդների, կատարի լուրջ օրենսդրական բարեփոխումներ և մեղմի կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատազրկման պայմանները:







































