Սիրիացիները կիրակի ոչնչացրել են իրենց քիմիական զենքի զինանոցի մի մասը՝ Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության փորձագետների ղեկավարության ներքո:
Սիրիացի մասնագետները, կիրառելով գազային եռակցիչներ ու խարտիչ մեքենաներ, ոչնչացրել ու ապաակտիվացրել են զինամթերքի մի մասը, այդ թվում՝ մարտագլխիկները, ավիառումբերը, ինչպես նաև զենքի արտադրության սարքավորումները՝ ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հայտարարության մեջ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինանոցների ոչնչացման գործընթացը կշարունակվի հաջորդ օրերին:
33 մարդուց կազմված խումբը Սիրիա էր ժամանել երեքշաբթի: Մասնակիցների մեծ մասը՝ 19 մարդ, Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության անդամներ են, մյուսները՝ ՄԱԿ-ի աշխատակիցներ:







































