Հայաստանում անասնաբուծական մթերքներից ավելացել է կաթի և անասունի ու թռչնի, բայց միաժամանակ նվազել ` հավկիթի արտադրությունը:
Հավկիթի արտադրության նվազումը նկատվում է հատկապես Երևանում: Մայքաղաքում օգոստոսին` անցած տարվա օգոստոսի համեմատ հավկիթի արտադրությունը նվազել է ավելի քան 33 տոկոսով:
Միաժամանակ, հավկիթի արտադրությունը նվազել է հանրապետության ևս 7 մարզերում: Այն անփոփոխ է մնացել միայն Արագածոտնում, Արարատում և Գեղարքունիքում:
Հայաստանում նույն ժամանակում կաթի արտադրությունն ավելացել է մոտ 5.5 տոկոսով: Կաթի արտադրության աճ նկատվել է հանրապետության բոլոր մարզերում: Աճի տեմպով առաջատարը Տավուշն է` 8.1 տոկոսով, այնուհետև Վայոց Ձորն ու Արարատը` 7.8 տոկոսով: Աննշան չափով ավելացել է նաև անասունի և թռչնի արտադրությունն` ընդամենը 1.2 տոկոսով: Սակայն այս մթերքի արտադրությունը հատկապես կտրուկ է ավելացել Երևանում` 10 տոկոսով:
Հետաքրքիր է, որ արտադրության նվազմանը զուգահեռ հավկիթը նույն ժամանակում թանկացել է մոտ 28 տոկոսով, ինչը սպասելի էր: Սակայն չնայած կաթի արտադրության աճին կաթնամթերքն այդ ընթացքում նույնպես թանկացել է` ավելի քան 12 տոկոսով:











































