Ինչպես հայտնում է Shirakcentre.org կայքը, այսօր 16:30-ի սահմաններում Գյումրու Երևանյան խճուղու «Մեծ անիվ» ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում հրազենից արձակված կրակոցներից մահացել է «Եվրո» տաքսի սերվիսի սեփականատեր Սենիկ Մկրտչյանը:
Սպանության վերաբերյալ Գյումրիում տարբեր վարկածներ են շրջանառվում: Խոսակցություններից մեկի համաձայն Ս.Մկրտչյանի մեքենայում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ և վերջինս մահացել է գլխից ստացած կրակոցից:
Մեկ այլ շրջանառվող վարկածի համաձայն տեղի ունեցածը ինքնասպանություն է, որից առաջ Սենիկ Մկրտչյանը Հոռոմում հրազենով սպանել է իր ընկերուհուն՝ 1984 թվականի ծնված Մայա Մկրտչյանին՝ կրակելով ձեռքին և գլխին, այնուհետև քաղաք մտնող ճանապարհին ինքնասպանություն է գործել: Ի դեպ, այն հրազենը, որից կատարվել սպանությունը ընկած է եղել մեքենայի կողքին:
Սպանվածների դիերը տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, ուր ներկայումս հավաքված է մեծ բազմություն: Սպանված Սենիկ Մկրտչյանը 47 տարեկան էր, բնակվում էր Ախուրյանի «Կուլակավան» անվանումը կրող թաղամասում և Գյումրիում հայտնի հեղինակություններից էր:
Ներկայումս դեպքի վայրում Գյումրու ոստիկանության կողմից իրականացվում է տեղազննություն:










































