Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նավիգացիոն ռեժիմի ազատության պահպանման անհրաժեշտության մասին՝ տնտեսական աճն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Կիսիդան այս հայտարարությունն արել է շաբաթ օրը`ԱԳ նախարարների հանդիպմանը`Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի ժամանակ (ԱԽՏՀ):
Արևի երկրի արտգործնախարարն ասել է, որ Ասիայում տնտեսական աճի հասնելու համար կարևոր է ապահովել կայուն գործնական միջավայրի գոյությունը`մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռող օրենքների հիման վրա: Նա հավելել է, որ ԱԽՏՀ կազմում գտնվող տնտեսությունները միավորված են ծովային ճանապարհներով`ստանալով առավելություն նավիգացիոն ազատությունից:
«Ակնհայտ է, որ Կիսիդան նկատի ուներ Չինաստանը, որն ակտիվացնում է իր գործունեությունը Արևելաչինական և Հարավչինական ծովերում»,- նշում է հեռուստաալիքը:







































