1742-ին Լիբանանի Զմմառ գյուղում հիմնված հայ կաթոլիկ պատրիարքությունը դեռ ժողով չի գումարել՝ քննելու Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ 1915թ.-ի զոհերի սրբադասման հարցը:
Զմմառի Մշակութային կենտրոնի տնօրեն Հ. Մովսես Վրդ. Տոնանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում կգումարվի ժողով΄ հավանաբար հոկտեմբերի 8-ին, այս հարցն էլ կարծարծվի, քանի որ տեղյակ են Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողովի ընդունած որոշումներից:
Նրա խոսքով՝ եպիսկոպոսաց ժողովն իսկապես աննախադեպ էր, իսկ սրբադասման հարցը կարևոր էր, քանի որ հիմա գլուխ են բարձրացրել Միջին Արևելքի խնդիրները, հատկապես կարևոր են սիրիահայության խնդիրները:
Նա նշեց, որ համանման քննարկում արդեն երկու տարի է՝ ընթանում է, մեկ քննարկում էլ կայացավ քահանաների հետ, և բավականին վիճել են, թե արդյոք պե՞տք է մեր նահատակներին հիշել, հոգեհանգիստ կատարել, պատարագ մատուցել ամեն տարի ապրիլի 24-ին, թե՞ իրենց հիշել որպես սրբեր: Քննարկմանը քահանաներից ոմանք կողմ են եղել, ոմանք՝ դեմ:
Սակայն Հայր Մովսես Տոնանյանը կողմ է 15 թվականի նահատակների սրբադասմանը, քանի որ նրանք նահատակվել են կրոնի համար, և նրանց մեծ մասն այդպես էլ չընդունեց իսլամ:
«Ես կարծում եմ, իսկ ինձ հետ նաև՝ ուրիշ եպիսկոպոսներ, որ 1915-ի նահատակներին սուրբ կարելի է հռչակել, որովհետև նրանք նահատակվեցին ի սեր կրոնի, ի սեր ազգության»,- ասաց հայր Մովսեսը՝ հավելելով, որ նրանք արժանի են սրբադասման, որովհետև նրանք զոհվեցին, որ մենք ապրենք:
«Նահատակությունը նրանց վերածեց սրբերի, նրանք Աստծո արքայության մեջ են: Եվ այս խնդիրը մեր եկեղեցին պետք է ընդունի անմիջապես»,- ասաց նա:











































