Ծաղկաձորում «Բազե» երիտասարդական ճամբարի ավարտին ճամբարականների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը նրա ելույթում հնչած այսպես ասած «հանդուրժողականության» և «փոխզիջումայնության» «ուսմունքը» առիթ տվեց խոսակցությունների և գնահատականների, որ Սերժ Սարգսյանն այդպիսով ակնարկում էր ընդդիմադիր ուժերին, թե ինքն ինչպիսի ընդդիմւթյան հետ կնախընտրի աշխատել հետագայում, ինչպիսին է ընդդիմության իր պատկերացումը:
Սակայն հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանում կա՞ քաղաքական ուժ և գործիչ, որի համար Սերժ Սարգսյանի այդ «ուսմունքը» կամ «ոճը» լինի նորություն: Եթե կա, ապա այդ ուժը կամ գործիչը ճիշտ կանեն պարզապես հրաժեշտ տան քաղաքական դաշտին, եթե Սերժ Սարգսյանի «ուսմունքը» նրանց համար նորություն է:
Սարգսյանը իր նախագահության տասը տարիների ընթաքում առաջնորդվել է դրանով, անընդհատ գնալով փոխզիջումների և դիրքորոշումները կոշտացնելով միայն ու միայն դրա համար:
Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանի պահվածքում հնարավոր է արձանագրել կամ նշմարել նաև այսպես ասած «բլեֆի» տարրեր: Այսինքն, Սերժ Սարգսյանը հանդես է գալիս կոշտ դիրքորոշումով, որպեսզի դիմացինին ստիպի գնալ փոխզիջման: Այլ կերպ ասած, նա կոշտությամբ շանտաժում է, իսկ հետո հաջողության հասնում արդեն որպես փոխզիջող ու հանդուրժող:
Այնուհանդերձ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդ ոճի կողմնակիցն է և այդ տեսանկյունից նորություն, որպես այդպիսին, նրա խոսքում պարզապես չկար:
Բոլորովին այլ հարց է, իհարկե, որ նրա այդ ոճը, մարտավարությունը մշտապես եղել է իհարկե լավ մտածված ծուղակ ընդդիմադիրների և լուծում իր իշխանական խնդիրների համար, ոչ թե պետական օրակարգի սպասարկում: Միևնույն ժամանակ, պետք է նկատել նաև, որ Սարգսյանն ընդհանուր գծերով անշուշտ իրավացի է, որովհետև քաղաքականության մեջ հաշարկները զգայականությամբ և արմատականությամբ փոխարինելը չեն բերել դրական արդյունքի թե դրանց հեղինակների, թե հանրության համար: Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ պետք է գնալ փոխզիջման իշխանության հետ և Հայաստանին անհրաժեշտ է այդպիսի ընդդիմություն: Ամենևին: Առավել ևս, որ Հայաստանի վերջին տարիների փորձն առավել քան ցցուն է դրսևորել, թե ինչ է լինում իշխանության հետ փոզիջման գնացողի հետ:
Այսինքն, գործնականում եզակի բացառություններով լինում է այն, ինչ վամպիրի զոհի հետ՝ նա ևս դառնում է վամպիր: Իշխանական համակարգի հետ փոխզիջման գնացողները դառնում են դրա մասնիկ և օժտվում երեսպաշտության հմտություններով, ինչպես իշխանությունը: Պարզապես Հայաստանի ընդդիմադիր ուժերի համար, կամ նրանց համար, ովքեր անկեղծորեն ցանկանում են լինել այդպիսին և տեղ ունենալ դաշտում, անհրաժեշտ է փոխզիջման գալ նախ հասարակության հետ, միյանց հասկանալու և խնդիրները վերաձևակերպելու համար:
Մնացյալ փոխզիջումները արդեն կպատվիրի հասարակությունը՝ անհրաժեշտության դեպքում: Ընդ որում, իշխանության հետ փոխզիջման գնալու պատրաստակամության և օրինակների բացակայությունն ամենևին չի ենթադրում մյուս ծայրահեղությունը՝ վերցնել զենքն ու գնալ ինչ որ բան գրավելու, ինչ որ մարդ սպանելու կամ ահաբեկելու: Հայաստանում ընդդիմության չափանիշ չի կարող և չպետք է լինի թե իշխանության հետ փոխզիջումայնության և հանդուրժողության անվան տակ պարզապես քաղաքական առևտրի և գործարքների ծայրահեղությունը, թե իշխանությանը քառատելու, զնդանները նետելու, ինքնադատաստանի և զինված ապստամբության ծայրահեղությունը: Դրանք հավասարապես խաբուսիկ են, հուսահատության և հիասթափության տանող:
«Ոսկե միջինի» ռազմավարությունն ընտրած իշխող համակարգի համար որևէ ծայրահեղության հակված հասարակությունը նվեր է, որովհետև ծայրահեղությունը բումերանգ է, որ վերադառնում է այն նետողին:
Իսկ որը պետք է լինի Հայաստանում ընդդիմության չափանիշը: Նույնպե՞ս «ոսկե միջինը»: Իսկ արդյոք ընդդիմությունը պե՞տք է ունենա չափանիշ կամ չափորոշիչ: Արդյոք դա ինքնին խաբկանք չէ՞, երբ դրա շուրջ կռվում են նաև ընդդիմադիրները՝ միմյանց հետ, փորձելով վիճարկել գոնե ընդդիմության թագը: Արդյոք արհեստական չէ՞ ինքնին ընդդիմության չափանիշ ասվածը, այսինքն ինչ-որ սահմանում, որին համապատասխանությունը ընդդիմություն է, իսկ անհամապատասխանությունը՝ ոչ: Եվ արդյոք դա չի՞ եղել պատճառը, որ Հայաստանում ընդդիմության ձևավորումը ընթացել է ոչ թե վերև կորով, այլ դեպի ներքև, որովհետև բոլորին շարժողը եղել է ինչ-որ համընդհանուր չափանիշի կամ պատկերացման համապատասխանելը, ըստ այսպես ասած օրվա թրենդի: Ու քանի որ տեղեկատվական դարաշրջանը լղոզում է բոլոր չափանիշները, այսպես ասած համահարթեցնում միջավայրը, ընդդիմություն եզրույթն ու երևույթն էլ քաղաքական դաշտում կամա, թե ակամա ենթարկվում է համահարթեցման, որովհետև չափանիշները այլևս շատ խառն են, ինչ-որ մեկի գերակայություն ապահովելու համար: Դա էլ իր հերթին բերում է նրան, որ ընդդիմությունները սկսում են մի ծայրահեղությունից ընկնել մյուսը, ինչը հմտորեն կարողանում է օգտագործել իշխող համակարգը իր խնդիրները լուծելու համար:
Այդպես է լինելու, քանի դեռ Հայաստանում ընդդիմությունը չի փոխել խնդիրը՝ որ պոչի հետևից վազող շան պես պտտվում է արդեն քառորդ դար, հանրության առաջ չի ձևակերպել բոլորովին նոր խնդիր և դրան համարժեք լուծումների համակարգ, ճանապարհային քարտեզ, որտեղ շեշտը դրված է ինչ որ բան ստեղծելու, ձևավորելու, հանրությանը ստեղծագործական հեռանկարով վերամոտիվացնելու և դրանով ուժերի բալանսի փոփոխության գնալու վրա, ոչ թե քառատելու, բանտարկելու, քշելու և այդօրինակ այլ իրողությունների վրա:









































