Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ երբ լինի որոշում Սիրիայում ռուսական նախաձեռնությամբ մարդասիրական ականազերծման գործընթացին միանալու վերաբերյալ, եթե համաձայնեցվեն բոլոր հարցերը, հանրությունը կտեղեկանա այդ մասին: Սերժ Սարգսյանի խոսնակն այդպիսով արձագանքել է ՌԴ Գլխավոր շտաբի պաշտոնյա Անդրեյ Նովիկովի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է միանալ Ռուսաստանի նախաձեռնությանը: Մոսկվան դիմել է Իրանին, Եգիպտոսին, Սերբիային, Թուրքիային, Արաբական Էմիրություններին, քննարկում է հարցը Չինաստանի հետ: ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնյան հայտարարել էր, որ մասնակցել պատրաստ են Սերբիան ու Հայաստանը: Այն, որ Հայաստանը քննարկում է այդ հարցը, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ամիսներ առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ասել էր: Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությունը վկայում է, որ Երևանը դեռ չի տվել համաձայնություն: Հետևաբար՝ դեռ չի ստացել իր համար որոշակի հարցերի պատասխան:
Մյուս կողմից, սակայն, բացառված չէ, որ Երևանն իրականում համաձայնություն տվել է, և հարցը լուծվել է նույնիսկ Սոչիում Պուտին-Սարգսյան մակարդակում, և ոչ թե Երևանը սպասում է ինչ որ հարցերի պատասխանի, այլ ինքը պատասխան չունի հասարակության հարցերին և այդ պատճառով դեռևս գերադասում է չհայտարարել նախաձեռնության մասին: Բացառված չէ նաև այն տարբերակը, որ Ռուսաստանի համար Հայաստանի մասնակցությունը սկզբունքային նշանակություն չունի, չունի նույնիսկ Սերբիայի մասնակցությունը, և հարցը Թուրքիան, Իրանն ու Չինաստանն են, որոնց Մոսկվան իհարկե կցանկանար Սիրիայում միավորել այսպես ասած իր կոալիցիոն դրոշի ներքո: Որովհետև ռուսական կոալիցիան միայն այդ դեպքում կարող էր որպես կոալիցիա արժեք ունենալ սիրիական հարցում: Ռուսաստանին ոչինչ չի տա Հայաստանի և Սերբիայի մասնակցությունը, եթե ներգրավված չլինեն այդ երեք երկրները կամ նրանցից գոնե մեկը: Այդ իմաստով չի բացառվում, որ Հայաստանի համաձայնության մասին հայտարարությունը հետաձգվում է հենց դրա շնորհիվ, սպասելով, թե արդյո՞ք կոալիցիան, այսպես ասած, կստացվի:
Եթե Անկարան, Պեկինն ու Թեհրանը չտան իրենց համաձայնությունը, կամ նրանցից մեկը, ապա հավանական է, որ Հայաստանի հարցն էլ դուրս կգա օրակարգից: Սակայն այստեղ մյուս հարցը այն է, թե համաձայնության դեպքում ինչ է ստանում Հայաստանը, կամ ի՞նչ է կորցնում՝ եթե չի համաձայնում: Ո՞րն է գինը, որ Հայաստանը կարող է վճարել, կամ պետք է ստանա իր որոշման դիմաց: Ինչքանո՞վ է արդարացված ռիսկը, որն անկասկած կա Ռուսաստանի այդ սիրիական նախաձեռնության մեջ՝ թեկուզ մարդասիրական ականազերծման համար ներգրավվելու դեպքում: Եթե դա ռիսկ է նույնիսկ մեկ հայ զինծառայողի համար, դա արդեն իսկ պահանջում է լրջագույն հիմնավորում: Մինչդեռ գործընթացն ինքնին արդեն ունի խորհրդապահական այնպիսի դրսևորումներ, որոնք առաջացնում են հարցեր: Հայաստանի նախագահի խոսնակը նշում է, որ երբ լինի որոշում, այն ժամանակ հանրությանը կպահեն տեղյակ:
Բանն այն է, որ եթե լինի որոշում, ապա այսպես, թե այնպես հանրությունը կտեղեկանա, որ որոշումը կայացվել է և հայկական ուժերը պետք է ներգրավվեն: Հանրությանը տեղյակ է պետք պահել որոշման կայացման գործընթացի մասին, որպեսզի նախ. պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի շուրջ իշխանության քայլերի մասին հանրությունը չիմանա ռուսաստանցի պաշտոնյաներից՝ թեկուզ գեներալներից, ի վերջո, Հայաստանի հասարակությունը հարկ է վճարում Հայաստանի բյուջե, որպեսզի դրանով ապրող կառավարման համակարգը հաշվետու լինի իր գործողությունների համար. և երկրորդ՝ որպեսզի այդ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ՝ իհարկե հասկանալով, որ այն չի կարող չունենալ հրապարակման ոչ ենթակա տարրեր, այդուհանդերձ, այդ թափանցիկության միջոցով վերահսկելով դրանում հանրային և պետական շահի գերակայությունը, որպեսզի մի գեղեցիկ առավոտ հասարակությունը կրկին չկանգնի կոտրած տաշտակի առաջ՝ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների կամ ԵՏՄ անդամակցության դեպքում:










































