Գրող, հրապարակախոս Զորի Բալայանի որդին՝ Հայկ Բալայանը արձագանքել է մեր հրապարակմանը, որտեղ անդրադարձ էինք կատարել «Երևան» բժշկական կենտրոնի գործունեությանը և իր ու մյուս սեփականատիրոջ՝ Տարոն Տոնոյանի հարաբերություններին: Գրել էին, որ տևական ժամանակ է՝ ոչ մի կերպ չի հարթվում «Երևան» բժշկական կենտրոնի երկու սեփականատերերի՝ կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի որդու՝ ԲԿ-ի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հայկ Բալայանի վեճը: Այն գնալով նոր զարգացումներ է ստանում:
Օրերս էլ պարզ դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Հայկ Բալայանի դիմումի հիման վրա: Բալայանը նախօրեին այցելել է չգործող հիվանդանոց և տնօրենի աշխատասենյակում նկատել է բժիշկներից Վ. Սեյրանյանին և փորձել է ճշտել, թե նա ինչ գործ ունի տնօրենի աշխատասենյակում, երբ հիվանդանոցը չի աշխատում: Այնուհետև վիճաբանություն է սկսվել, և բանը հասել է ոստիկանությանը:
Հայկ Բալայանը ոստիկանությանը հաղորդել էր նաև, որ Տարոն Տոնոյանի կողմից՝ 2016 թվականից որպես բժիշկ-ակնաբույժ նշանակված Վարազդատ Սեյրանյանը, նշված ժամանակահատվածից մինչ օրս առանց լիցենզիայի ակնաբուժական ծառայություններ է մատուցել քաղաքացիներին:
Տարոն Տոնոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ հիվանդանոցի աշխատակիցներն օրենքով ազատված չեն և կարող են գալ իրենց աշխատավայր, որը, թեև, չի գործում և այնտեղ աշխատելու հնարավորություն չկա, քանի որ անջատված է լույսը, ջուրը և կոմունալ մյուս հարմարությունները:
Բացի այդ, Տոնոյանը նշել էր, որ Վարազդատ Սեյրանյանը լիցենզավորված բժիշկ է և, ի դեպ, ժամանակին «Երևան» ԲԿ աշխատանքի է ընդունվել հենց Հայկ Բալայանի երաշխավորությամբ ու ժամանակին վիրահատել է նույն Բալայանի տատիկին:
Հայկ Բալայանին վրդովվեցրել էր Տոնոյանի հիշեցումը, որը, նրա խոսքերով՝ իրականությանը չի համապատասխանում: «Իմ տատիկին վիրահատել է Ալեքսանդր Մալայանը: Գուցե այդ ժամանակ Վարազդատ Սեյրանյանը վիրահատարանում կանգնած հետևել է վիրահատության ընթացքին, սովորել է, բայց ուրիշի վիրահատությունը վերագրել իրեն, դա աբսուրդ է: Ես դա համարում եմ անբարոյականություն: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա այո, ես գնացի և տեսա, որ նա նստած էր տնօրենի աշխատասենյակում: Վարազդատ Սեյրանյանը գնում է ԲԿ, հիվանդներ է ընդունում այդ պայմաններում, խորհրդատվություն է իրականացնում, փող է աշխատում: Ես խնդրել էի, որ չանի այդպես, մինչև հիմնարկը բացվի և բոլորս միասին նորմալ աշխատենք: Նա էլ, թե Տոնոյանն իրեն ասել է, որ կարող է գալ: Ես իրեն ասացի, որ իր իրերը վերցնի և դուրս գա, ապա զանգեց ոստիկանություն, թե իրեն սպառնում են, անվանում են խուլիգան: Ոստիկանները եկան, ես պարզաբանեցի, թե ինչ է եղել, որ այդ զանգը սադրանք է և նրանք արձանագրեցին այդ ամենը»,- պատմեց Բալայանը:
Հայկ Բալայանը նշեց, որ հիվանդանոցը, միանշանակ, կարող են ոտքի հանել, պարզապես այս դեպքում «գործ ունեն կլասիկ ապերախտության օրինակի հետ»: «Երբ Տարոն Տոնոյանի խիղճն արթնանա և նա դուրս գա ապերախտության ճիրաններից, մեր հիմնարկը կբացվի, բոլորս էլ կսկսենք նորմալ աշխատել: Բայց նա չի ցանկանում դա անել: Առաջնորդվում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով»: Սա է խնդիրը»,- նշեց Բալայանը:











































