Տիգրանակերտում արդեն ավարտվել են այս տարվա պեղումները: Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այս տարվա պեղումներից` ասաց, որ հսկայական աշխատանք է կատարված, բացվել է գերեզման, երկու միանավ եկեղեցու հիմք, որտեղից նոր գտածոներ են հայտնաբերվել:
Բանախոսը նշեց, որ ողջ Կովկասում չկա ավելի խոշոր հելլենիստական հուշարձան, քան Տիգրանակերտն է. «Երբ սկսում էինք Տիգրանակերտի պեղումները, ադրբեջանական մամուլում քամահրանք արտահայտվեց, հետո սկսեցին գիտական հոդվածներ գրել մեր դեմ, իսկ մենք այս բացահայտումն այնքան էլ ճիշտ չենք օգտագործում»:
Նրա հավաստմամբ՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Տիգրանակերտը մեծ դեր կարող էր ունենալ, սակայն մեր քաղաքական այրերը այս հնարավորությունից չեն օգտվում, Տիգրանակերտը ավելի շատ ներքին սպառում ունի: Այստեղ եկող զբոսաշրջիկների քանակը տարեկան հասնում է մինչև 30 հազարի, ինչը մեծ հնարավորություն է՝ ներկայացնելու հայկական մշակույթը:
Համլետ Պետրոսյանն ասաց, որ Տիգրանակերտը հետազոտության մեծ դաշտ է, և մենք պիտի տանք մի հարցի պատասխան՝ Տիգրանակերտը մշակութային-քաղաքական ֆենոմե՞ն է, թե՞ բիզնեսի միջոց: Նրա համոզմամբ՝ առաջինը պետք է լինի նախընտրելի, սակայն այս սեպտեմբերից թանգարանը դարձրել են վճարովի` 1 տոմսը սիմվոլիկ 250 դրամ արժողությամբ. «Ինչքան Տիգրանակերտի մատչելիությունը սահմանափակվի, այնքան քիչ մարդ է գնալու, իսկ այսօր Տիգրանակերտի տարածքում ֆիլմ նկարելու համար պետք է վճարել»,- եզրափակեց բանախոսը:









































