«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանի նորընտիր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից սպասելիքները մեծ են: Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ Կոստանյանը կպաշտպանի արդարությունը, անկախ նրանից՝ ում մասին է խոսքը՝ մեծահարուստի, թե հասարակ քաղաքացու, ուղղակի Հայաստանում դատական համակարգն ամենադժվար փոփոխվողն է:
«Իմ տպավորությունն այն է, որ նա բավական հաղթանդամ տղամարդ է, «կրեպկի օրեշեկ»-ի տպավորություն է թողնում, Աղվանի նման փոքր-մոքր չէ»,- ասաց Ադիբեկյանը՝ նշելով, որ նախկին դատախազը, լինելով փոքր-մոքր, շատ ճկուն էր իր աշխատանքում:
Անդրադառնալով համաներման կիրառմանը՝ Ադիբեկյանը նշեց, որ այն չի փոխում դատավճիռը, հոդվածը, պատժի արդարությունը, այլ ընդամենը մարդասիրական առումով փորձում է կրճատել պատժի կրելու պայմանները և ժամանակահատվածը: Ադիբեկյանը համոզված է՝ դատական համակարգերն իրենց մեջ ունեն էություններ, որ իրականին մոտ չեն:










































