Թել-Ավիվն ու Վաշինգտոնը վերսկսել են բանակցությունները՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ օրերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ։ Ամերիկյան իրազեկ աղբյուրի տվյալներով՝ հանդիպման ընթացքում դեսպանատան տեղափոխման հարցը բարձրացվել է երկու կողմերից։
Նշենք, որ քաղաքի կարգավիճակի չկարգավորված լինելը և արաբա-մուսուլմանական աշխարհի հետ հարաբերությունների համար այդ խնդրի սրությունը ստիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խախտել նախընտրական խոստումներն ու առնվազն 6 ամսով հետաձգել դիվանագիտական առաքելության տեղափոխումը, որը ներկայում գտնվում է Թել Ավիվում։
Կոնգրեսը դեռևս 1995 թվականին ընդունել էր օրենք՝ Թել-Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման մասին, սակայն քաղաքի վիճելի կարգավիճակի պատճառով նախագահները 6 ամիսը մեկ ստորագրում են փաստաթուղթ, որը հետաձգում է այդ որոշման իրագործումը։








































