Բելգիայի իշխանությունները պարզաբանումներ են պահանջել Մեծ Բրիտանիայի կառավարական հաղորդակցությունների կենտրոնից, որը կասկածվում է Բելգիայի ազգային հեռահաղորդակցական ընկերության՝ Belgacom-ի հաճախորդների միջազգային կապերի լրտեսման մեջ: Այս մասին գրում է Telegraph-ը՝ հղում անելով բելգիական կառավարության աղբյուրներին:
Այն մասին, որ բրիտանական հատուկ ծառայությունները կարող էին լրտեսել Belgacom-ի օգտատերերին, ավելի վաղ հայտնել էր գերմանական Spiegel-ը՝ վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերը:
Համաձայն փաստաթղթերի՝ բրիտանական էլեկտրոնային հետախուզությունը վիրուս է ներմուծել Belgacom-ի էլեկտրոնային համակարգ և այդ կերպ լրտեսում իրականացրել:
Հնարավոր լրտեսման փաստի հետաքննությամբ զբաղվում է Բելգիայի դատախազությունը:











































