Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը Հռոմում Իտալիայի վերամիավորման 150-ամյակի և հանրապետության հռչակման 65-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբությունների ժամանակ հանդիպում են ունեցել: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Թեպետ այդ հանդիպման մանրամասները չեն նշվում, սակայն հայտնի է, որ բացի եղանակից և համեղ սննդից, Պերեսն ու Աբբասը քննարկել են իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման հարցը, որոնք արդեն երկար ժամանակ է՝ սառեցված վիճակում են գտնվում:
Զրույցին ներկա է եղել նաև Արաբական երկրների լիգա կազմակերպության գլխավոր քարտուղար Ամր Մուսան:
Պերեսն Իտալիայում հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Սիրիայում: Պերեսը Մեդվեդևին խնդրել է զենք չվաճառել Սիրիային՝ հաշվի առնելով այն անկայուն իրավիճակը, որում գտնվում է այդ երկրի ներկայիս վարչակազմը:







































