Իտալիայի խորհրդարանի գերագույն պալատի հատուկ հանձնաժողովը հավաքվել է Հռոմում որոշելու՝ պե՞տք է արդյոք իր շարքերից հանել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վերջնական որոշումը հայտնի կդառնա այսօր երեկոյան: Այնուհետև որոշումը կփոխանցվի Սենատ, որն այն կքննարկի երկու շաբաթ:
Հաղորդվում է, որ հատուկ հանձնաժողովի կազմում, որը բաղկացած է 23 անդամից, մեծամասնություն են կազմում Ժողովրդավարական ձախակենտրոն կուսակցության և ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչները, որոնք դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարել էին Բեռլուսկոնիին սենատորի աթոռից զրկելու անհրաժեշտության մասին:
Բեռլուսկոնին իր փաստաբանների միջոցով տարածած հայտարարության մեջ համոզմունք է հայտնել, որ Սենատից իրեն հանելու փորձերն իր քաղաքական հակառակորդների մեքենայություններն են:
«Ես պաշտպանվելու հնարավորություն չէի ունենա: Ես պատճառ չունեմ հայտնվելու նիստում այն մարդկանց առաջ, որոնք արդեն հրապարակել են իրենց միանշանակ որոշումը մամուլի միջոցով»,- ասվում է նրա հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ պատժաչափը կրճատվել է մինչև մեկ տարի: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Բեռլուսկոնին պատիժը բանտո՞ւմ կկրի, թե՞ կենթարկվի տնային կալանքի՝ պատկառելի տարիքի պատճառով:









































