Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելյան մասում զինված հարձակում է կատարվել զինվորական ավտոշարասյան վրա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցչին:
Հարձակման մասնակիցները կրակ են բացել ավտոշարասյան վրա, որը հիմնականում բաղկացած է եղել բանակային բեռնատարներից և ռազմական տեխնիկայից:
Հարձակման հետևանքով զոհվել է երկու զինվոր, ևս երկու զինծառայող վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Եգիպտոսում քաղաքական և ռազմական վիճակը սրվել է 2013թ. հուլիսի սկզբին ռազմական հեղաշրջումից և նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի ձերբակալությունից հետո: Երկրում երկու ամսվա ընթացքում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 100 զինծառայող և ոստիկան:







































