Իսրայելի ԱԳՆ-ն ԵԽԽՎ-ին կոչ է արել անհապաղ չեղյալ հայտարարել այս շաբաթ ավելի վաղ ընդունված բանաձևը, համաձայն որի՝ թլպատումը ճանաչվում է մարդու իրավունքի խախտում, մասնավորապես՝ երեխայի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի:
«Տղաների թլպատումը հնագույն կրոնական ավանդույթ է հուդաիզմում և իսլամում, ինչպես նաև տարածված է որոշ քրիստոնեական շրջանակներում: Այդ ավանդույթի ցանկացած համեմատություն կանացի սեռական օրգանների խեղման դատապարտելի և բարբարոսական պրակտիկայի հետ լավագույն դեպքում բացարձակ տգիտության դրսևորում է, իսկ վատագույն դեպքում՝ զրպարտություն և կրոնական ատելության դրսևորում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ՝ փոխացնում է The Jerusalem Post-ը:
2012-ի նոյեմբերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որն արգելում էր «կանացի թլպատումը»:
ԱԳՆ-ն նշում է, որ թլպատման՝ առողջության վրա ունեցած վնասների մասին հայտարարությունը սխալ է և հակասում է գիտական փաստերին:
Նշենք, որ ԵԽԽՎ-ն բանաձևն ընդունել էր հոկտեմբերի 2-ին: Բանաձևին կողմ էր քվեարկել 78, դեմ՝ 13 պատգամավորը: 15- ձեռնպահ էին մնացել: