Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը 2013 ֆինանսական տարվա արդյունքներով՝ կստանա 550 հազար դոլարի չափով հավելավճար: Այս մասին ասվում է Microsoft-ի նյութերում, որոնք հրապարակվել են Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Բալմերի հավելավճարը 21 տոկոսով քիչ է նախապես ծրագրված ցուցանիշից: 2012 ֆինանսական տարում նրա հավելավճարը նվազեցվել էր 9 տոկոսով, իսկ դրանից մեկ տարի առաջ Բալմերը հավելավճարը ստացել էր ամբողջությամբ:
Մամուլում Բալմերի հավելավճարի նվազեցումը կապում են Microsoft-ի աշխատանքի հանդեպ բաժնետերերի դժգոհությամբ, մասնավորապես՝ Surface պլանշետների և Windows 8 օպերացիոն համակարգի վաճառքի ցածր մակարդակով: ԶԼՄ-ների աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք ներդրողներ նույնիսկ հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսի հրաժարականն են պահանջել:
Բալմերը, որը Microsoft-ում աշխատում է 1980 թվականից, իսկ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2008-ից, օգոստոսի վերջին հայտարարել է հրաժարականի մասին, որը տեղի կունենա առաջիկա 12 ամսվա ընթացքում: Ընկերությունը դեռևս նոր ղեկավար չի գտել: