Ավստրալիայի Լոնսեսթոն քաղաքում կողոպտիչները թանգարանից գողացել են 1860-ական թվականներին արտադրված երկու ատրճանակ, որոնցից մեկի սեփականատերը եղել է ավստրալացի լեգենդար ավազակ Մարտին Քեշը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այս հանցագործությունը մշակութային բարբարոսություն է, գողացված զենքը, մասնավորապես՝ Մարտին Քեշի ատրճանակը, ցուցանմուշներում հնարավոր չէ փոխարինել այլ բանով»,- ասել է թանգարանի աշխատակիցներից մեկը:
Ոստիկանության աշխատակիցներն իրենց հերթին հաղորդել են, որ երկու ատրճանակներն էլ շատ բարդ կլինի ըստ նշանակության օգտագործել ժամանակակից պայմաններում: Նրանց խոսքերով՝ ատրճանակները տեխնիկապես լավ վիճակում են, սակայն դրանց փամփուշտների արտադրությունը դադարեցվել է 100 տարի առաջ:
Քեշը ծնվել է Իռլանդիայում, նրան Ավստրալիա ուղարկել են երիտասարդ տարիքում՝ այն բանից հետո, երբ խանդի հողի վրա սպանել է մի տղամարդու, ով սիրահետել է իր սիրելիին: Ավստրալիայում նա շարունակել է խնդիրներ ունենալ օրենքի հետ, դատապարտվել է գողության համար, սակայն կարողացել է փախուստ գործել: Քեշի զոհերը եղել են հարուստ հողատերեր, միևնույն ժամանակ նա բռնության է դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այդ պատճառով ստացել է «ջենթլմեն-ավազակ» անունը: Քեշին ի վերջո բռնում են: Նա բանտում անցկացրել է 10 տարի: Բանտից դուրս գալուց հետո զբաղվել է գյուղատնտեսությամբ և մահացել ազատության մեջ:












































